Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչների հետ
Նախօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպել է աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած 62 սփյուռքահայ ուսուցիչների հետ, ովքեր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի նախաձեռնությամբ Հայաստանում մասնակցում են վերապատրաստման մեկամսյա դասընթացների: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Տիար Ռուբեն Միրզախանյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը սփյուռքահայ ուսուցիչներին, վերջիններիս ներկայացրել է Վեհափառ Հայրապետի գործունեությունը կրթական ոլորտում` դրա լավագույն վկայությանները նկատելով հիմնված հոգևոր կրթական և հանրակրթական հաստատությունները: Պրն. Միրզախանյանը տեղեկացրեց նաև, որ համալսարանի մի շարք ուսանողներ իրենց փորձառության շրջանը անցկացնում են Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցում:
Այնուհետև ուսուցիչներին իր հայրական օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մեծապես կարևորելով համալասարանի և ՀՀ պատկան կառույցների կարևորագույն այս նախաձեռնությունը: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրել է, որ տարեցտարի Հայաստան ժամանող սփյուռքահայ ուսուցիչների թիվը մեծանում է:
Բարձրորեն գնահատելով սփյուռքահայ ուսուցիչների նախանձախնդրությունը` Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ մանկավարժները կարևոր պատասխանատվություն են կրում այսօրվա և գալիք սերունդների դաստիարակության ու կրթության համար: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ այցը Հայաստան և մասնակցությունը դասընթացին նորանոր լիցքեր կհաղորդի նրանց` նոր ուժով և ավյունով շարունակելու ուսուցչական իրենց բարդ ու դժվարին առաքելությունը:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետն անդրադարձել է նաև Սփյուռքի առջև ծառացած արդի մարտահրավերներին՝ մասնավորապես խոսելով հայապահպանության, հայեցի դաստիարակության, ինչպես նաև մատաղ սերնդի մեջ աստվածսիրություն և հայրենասիրություն սերմանելու կարևորության մասին: Մարտահրավերների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է համագործակցությունը եկեղեցական կառույցների և ազգային կրթական հաստատությունների միջև:
Այս առիթով Նորին Սրբությունը ներկաներին տեղեկացրել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Մայր Աթոռի կողմից Հայ Եկեղեցու քահանաների համար նախաձեռնված վերապատրաստման դասընթացների մասին` հավելելով, որ առաջիկա տարի նախատեսվում է կազմակերպել վերապատրաստման դասնթացներ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուսուցիչների համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Սփյուռքում գործող հայկական դպրոցների և մայրենիի պահպանման խնդիրներին:
Վերջում Վեհափառ Հայրապետը մանկավարժներին մաղթել է Աստծո օրհնությունն ու պահպանությունը իրենց սրբազան առաքելության իրականացման գործում:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: