ՀՔԾ. Քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստով
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում անցկացված ծառայողական քննության նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից ու մանրամասնում, որ ծառայողական քննության նյութերում առկա են փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնի հաշվապահ Լ. Ա.-ն 2016 թվականի հունվարի 1-ից 2018թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում իրեն, բաժնի պետին և բաժնի այլ աշխատակիցների հավելագրել է օրենքով սահմանված ամսական աշխատավարձի դրույքաչափից ավել գումար, որի արդյունքում բաժնի աշխատակիցներին ընդհանուր առմամբ 38.493.681 ՀՀ դրամ ավել է վճարել:
Ըստ աղբյուրի, բացի այդ, Լ. Ա.-ն 2017թ. մայիս-օգոստոս ամիսների ընթացքում, կատարելով ոստիկանության ՊՊԳ վարչության Դիլիջանի բաժանմունքի հաշվապահի պարտականությունները, իրեն հավելագրել է օրենքով սահմանված ամսական աշխատավարձի դրույքաչափից ավել գումար, որի արդյունքում իրեն ավել է վճարել 4.522.448 ՀՀ դրամ գումար:
Նախաքննության ընթացքում Լ. Ա.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Դիլիջանի բաժանմունքում իրեն ավել աշխատավարձ է վճարել բաժանմունքի պետի ցուցումով և գումարը կանխիկացնելուց հետո այն ամբողջությամբ հանձնել է վերջինիս:
Հափշտակված գումարը ծառայողական քննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան