Դավիթ Տոնոյան. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել
«Ադրբեջանական զինված ուժերի կուտակումների ու ակտիվացման մասին լուրերը ճիշտ են: Նման գործընթացներ տեղի են ունենում ոչ միան արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում, այլև Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես նախիջևանյան ուղղությամբ»,-ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Eadaily.com-ին տված հարցազրույցում:
Տոնոյանը նշել է, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսկման հավանականությունը բանակցային գործընթացում Բաքվի մաքսիմալիստական պահանջների պայմաններում միշտ էլ մեծ է եղել:
«Ադրբեջանի նման վարքագիծը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժի կիրառման սպառնալիք: Հենց ուժի չկիրառումն է որպես նախապայման դրված Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև ցանկացած այլ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման հիմքում»,-ասել է նախարարը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հատկապես մտահոգված են նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զորքերի ակտիվացմամբ, որտեղ մինչ այս համեմատական հանգստություն էր տիրում:
«Ցանկացած ռազմական սադրանք այս հատվածում հղի է մեծ ճգնաժամով, որից անմասն չեն մնա այլ տարածաշրջանային դերակատարները: Ընդ որում, չեմ ցանկանա՝ Հայաստանի կառուցողական դիրքորոշումը թյուր տպավորություն ստեղծի, որ Հայաստանը հանդես է գալիս խաղաղություն խնդրողի դերում: Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել այն հարցում, որ ինքն է վերահսկում ռազմական իրավիճակի սրումը: Այսինքն, այնպես չի լինելու, որ միջնորդներին հաջողվելու է համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016 ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չդիմանալ հակառակորդին շեշտակի և լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու «գայթակղությանը»»,-նշել է նախարար Տոնոյանը:
Անդրադառնալով Ադրբեջանին զենքի վաճառքին ու Բաքվի կողմից դրանց ցուցադրությանը, Տոնոյանը նշել է, որ ցանկացած տիպի զենք ունի իր հակազդող միջոցը, և հայկական կողմն այս առումով ձեռքերը ծալած չի նստել:
«Սակայն մենք մտահոգված ենք, այդ զենքի ձեռքբերման աղբյուրներից: Ցավալի է տեսնել, որ Հայաստանի դաշնակից ու գործընկեր պետությունները զենք են վաճառում մի երկրի, որը տարածքային պահանջներ է ներկայացնում ոչ միայն մեր պետության առանձին հատվածի, այլև Հայաստանի մայրաքաղաքաի նկատմամաբ: Այսինքն, սպառնում է Հայաստանի գոյությունը»,-ասել է Տոնոյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանին առանձին տեսակների զենք վաճառելուց պետք է ձեռնպահ մնան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք զբաղվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:
«Վերջ ի վերջո հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է հակամարտող կողմերի ռազմական հավասարակաշռությունը խախտել, իսկ հետո փորձել այն վերականգնել»,-ընդգծել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին