ՔՊ-ն խորհրդարանական ընտրություններին առանձին կգնա. քաղտեխնոլոգ
««Ելք»-ը ԱԺ արտահերթ ընտրություններին չի կարող գնալ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ համատեղ»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ ընդգծելով, որ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանն ընդգծված արևմտամետներ են:
«Չեմ կարծում, որ Փաշինյանը կգնա ռուսներին ավելորդ անգամ կարմիր քարտ ցույց տալու ճանապարհով: Եթե նա ԱԺ ընտրություններին գնա Մարուքյանի և Սարգսյանի հետ, կարող է բարդացնել իրավիճակը: Դրա համար ես համոզված եմ, որ ՔՊ-ն խորհրդարանական ընտրություններին առանձին է գնալու: Նույն համոզվածությունը չի կարելի հայտնել Երևանի ավագանու ընտրությունների մասին, այստեղ միասնական ցուցակը բացառել չի կարելի: Սակայն «Ելք»-ին դժվար կլինի բացատրել՝ ինչո՞ւ ԱԺ ընտրություններին գնում են առանձին, ավագանու ընտրություններին՝ միասին»,- նշեց բանախոսը:
Կարեն Քոչարյանը նշեց, որ ավագանու «Ելք» խմբակցությունը «Երկիր Ծիրանի» խմբակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանից ավելի շատ քվեներ կհավաքեն: Ինչ վերաբերում էՀՀԿ-ին, ապա, ըստ քաղտեխնոլոգի, այդ ուժի վարկանիշը շատ ցածր է: Նա միաժամանակ չբացառեց, որ հասարակության որոշ հատված իներցիայով շատերը ընտրեն Հանրապետականին: «ՀՀԿ-ն պետք է «ափդեյթ» անի և ընտրություններին նոր դեմքով գնա, այլապես քիչ հնարավորություններ ունի: Ինչ վերաբերում է «Ծառուկյան դաշինքին», քաղաքական այդ ուժը բավական շատ ձայներ կհավաքի: Նա մեծ ֆինանսական ռեսուրսներ ունի»,- նկատեց քաղտեխնոլոգը:
Ասուլիսին ներկա ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն իր հերթին նշեց՝ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ավագանու ընտրությունները «գլխավոր փորձ» կլինեն:
«Այսօր ոչ մի բան կանխատեսել հնարավոր չէ: Հստակ է միայն, որ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ բավական դրական տրամադրվածություն է ձևավորվել: Միաժամանակ, ավագանու ընտրություններն արհեստականորեն հետաձգվում են: Կուլուարներում արդեն իսկ պայմանավորվածություններ կան»,- ասաց բանախոսը:
Ազատամարտիկը դժգոհություն հայտնեց՝ ՔՊ-ն ամեն տեղ միանձնյա է գնում, գերադասում է անփորձ երիտասարդներին, քան փորձված համախոհներին՝ թեկուզ այլ շրջանակներից: «Մարդկանց մեջ տարաձայնություններ են սերմանվում: Ասում են՝ եթե Նիկոլի Փաշինյանի կողմնակիցը չես, Սերժ Սարգսյանի կողմնակիցն ես: Սակայն պետք է լինի առողջ մրցակցություն, յուրաքանչյուր ուժ իր գաղափարախոսությունը պետք է ներկայացնի հասարակությանը»,- ասաց Գագիկ Սարուխանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արտահերթ ընտրություններն ամենաուշը տեղի կունենան 2019 թվականի մայիսին
- Եթե ընտրում ենք բարդ ընտրակարգ, արտահերթ ընտրությունները հնարավորինս հետաձգում ենք. Էդմոն Մարուքյան
- Արարատ Միրզոյանը ՄԱԶԾ ղեկավարի հետ քննարկել է Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրությունների թեման
- «Հրապարակ». «Ելք» դաշինքում քննարկումներ են ընթանում առաջիկա ընտրությունների շուրջ
- Եթե չլինի ընդհանուր մասնակցություն, կլինի առանձին մասնակցություն. Մարուքյանը՝ քաղաքապետի ընտրության մասին
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
- «Ելք»-ը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի ու արտահերթ նիստին չի մասնակցի