Լեդի Գագայի կինոդեբյուտը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում
Բրեդլի Կուպերի «Աստղը ծնվել է» (A Star Is Born) ֆիլմը ցուցադրելու են Վենետիկի կինոփառատոնում։ Գազետա.ռու կայքը, հղում անելով IndieWire-ին, գրում է, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է օգոստոսի 31-ին Վենետիկի 75-րդ կինոփառատոնի շրջանակում։ Այն ոչ մրցութային ծրագրում է ընդգրկված։
«Աստղը ծնվել է» ֆիլմը Կուպերի համար դեբյուտային է, քանի որ նա առաջին անգամ է հանդես եկել որպես ֆիլմի ռեժիսոր, իսկ երգչուհի, դերասանուհի Լեդի Գագան առաջին անգամ է լիամետրաժ ֆիլմում հանդես եկել գլխավոր դերում։ Մինչ այդ Լեդի Գագան նկարահանվել է «Ամերիկյան սարսափ պատմությունը» հեռուստասերիալում։
Փորձագետները ենթադրում են, որ «Աստղը ծնվել է» կլինի լուրջ մրցակից «Օսկար» մրցանակաբաշխությունում։