Սևանա լիճն այսօր
Photolure գործակալության թղթակիցներն այսօր լուսանկարել են Սևանա լիճը: Panorama.am-ին տրամադրած լուսանկարներից երևում է, որ լիճը պարզ է ու մաքուր: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ լճի մակերևույթի տարբեր հատվածներ կանաչ գույն էին ստացել՝ ջրիմուռների բուռն ծաղկման հետևանքով:
Նախօրեին էլ բնապահպանության նախարարությունը, վկայակոչելով նախնական հետազոտությունների արդյունքները, հայտարարեց, որ 2018 թվականի գարնանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճում ֆոսֆատ և ամոնիում իոնների կոնցենտրացիաները բարձր են դիտվել, և ջերմաստիճանի կտրուկ աճը նպաստավոր պայմաններ է ստեղծել լճի ինտենսիվ ծաղկման համար:
Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերևութային և միջին շերտերում գնահատվել է 0.08 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.15 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (0.3 մգ/լ): Ամոնիում իոնի միջին կոնցենտրացիան մակերևութային շերտում 0.25 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.17 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (0.5 մգ/լ):
Նիտրատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերևութային շերտում գնահատվել է 0.19 մգ/լ, իսկա հատակամերձ շերտում՝ 0.12 մգ/լ: Դիտված կոնցենտրացիաները չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (11 մգ/լ):
«Լճի ընդհանուր էկոլոգիական վիճակը տարբեր հատվածներում և խորություններում ավելի մանրամասն կուսումնասիրվեն ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ հուլիսի 30-31-ի գիտարշավի ընթացքում»,-հայտնեցին նախարարությունից:
«Սևան» ազգային պարկը գտնվում է Հայկական հրաբխային լեռնաշխարհի հյուսիսային մասում` Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա: Պարկի ընդհանուր տարածքը` Սևանա լճի հայելու հետ միասին, կազմում է 147 343 հա, իսկ առանց լճի հայելու` 22 585 հա: Պահպանական գոտու տարածքը կազմում է 342 920 հա:
«Սևան» ազգային պարկի սահմաններում է գտնվում Հարավային Կովկասի խոշորագույն, բարձրադիր, քաղցրահամ լիճը` Սևանը, որի ծավալը 33.2 կմ3 է, մակերեսը՝ 1238 կմ2: Լիճը Արտանիշի և Նորատուսի հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով` Շորժայի թմբով, բաժանվում է երկու մասի՝ հարավ-արևելյան կամ Մեծ Սևան (20.4 կմ3), հյուսիս-արևելյան կամ Փոքր Սևան (12.8 կմ3): Լճի առավելագույն խորությունը 82.4 մ է (Փոքր Սևան), միջին խորությունը՝ 27.19 մ, ափի շրջագիծը մոտ 230 կմ:
Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակներ, որոնցից 4–ը` Փոքր Սևան, 24–ը՝ Մեծ Սևան: Լճից դուրս է գալիս մեկ գետ՝ Հրազդանը:
Հարակից հրապարակումներ`
- ԲՆ. Սևանում ջրիմուռների ծաղկումը ո՛չ լճի էկոհամակարգի, և ո՛չ էլ մարդկանց կյանքի համար վտանգ չի ներկայացնում
- Բարդուխ Գաբրիելյան. Սևանի կանաչելն ահազանգ է
- Սևանի ջրի կանաչելու փաստով վարչական վարույթ է հարուցվել
- «Սևան» ազգային պարկի տնօրեն. Կանաչած Սևանի ջուրը մաքրելու համար որևէ միջամտություն չի լինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան