Կուսակցությունը դառնում է ավելի պատասխանատու, երբ հրապարակում է կառավարության կազմը. ՀՀԿ պատգամավոր
Ինչպես հայտնի է, ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերին առաջարկում է նախընտրական շրջանում ներկայացնել կառավարության իրենց կազմը:
Խորհրդարանական այսօրվա քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատեց՝ նման մոդելն առավել հարմար է խորհրդարանական կառավարման երկրներին, բայց այն դեպքում, երբ թույլատրված է աշխատել և´ որպես նախարար, և´ որպես պատգամավոր։ Ռուստամյանի խոսքով, մինչդեռ, Հայաստանում նման կարգն արգելված է։
«Իսկապես ճիշտ եք: Այս առաջարկը նման համակարգերում, անկասկած, ավելի արդյունավետ կարող էր իրացվել, բայց արդյոք այս համակարգը քաղաքական կարևորությունը կորցնո՞ւմ է, երբ չկա նման հնարավորություն լինելու և´ նախարար, և´ պատգամավոր: Անկասկած ոչ»,-պատասխանեց Խոսրով Հարությունյանը:
ՀՀԿ-ական գործիչը շեշտեց՝ շատ կարևոր է կառավարության կազմը ներկայացնել նախընտրական փուլում, որպեսզի ընտրողները նախապես տեղյակ լինեն, թե ով է այս կամ այն ոլորտի ղեկավարը, ինչպիսի ծրագրեր և առաջարկներ ունի նա:
«Ենթադրենք կուսակցությունը հայտարարեց իր ապագա կառավարության կազմը, բայց չարձանագրեց հաջողություն, դարձավ փոքրամասնություն։ Այդ կուսակցությունը կարող է ձևավորել ստվերային կառավարություն՝ ունենալով հստակ կազմ: Բոլորը ճանաչում են, թե ով է որ ոլորտի նախարարը, նրանք վերահսկում են վիճակը, կարող են այլընտրանքային առաջարկներ կամ ծրագրեր ներկայացնել, քննադատել և քաղաքական իրողությունների փոփոխության պարագայում հանդես գալ սեփական նախաձեռնությամբ»,- ասաց Հարությունյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր հերթին շեշտեց, որ առաջարկը որպես տեխնոլոգիա կարող է կիրառվել ՀՀԿ-ում, բայց այն չի ընդգրկվում բարեփոխումների համատեքստում:
«Մտավախություն ունեք, որ կան ուժեր, որոնք, կաբինետը չներկայացնելով, ամեն դեպքում առավելություն ունե՞ն»,- Հարությունյանին հարց ուղղեց նա։
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ կուսակցությունը դառնում է ավելի պատասխանատու, երբ հրապարակում է կառավարության կազմը:
«Սա տեխնոլոգիա չէ, սա համակարգաստեղծ դրույթ է: Եթե որևէ կուսակցություն կհրաժարվի, դա իր խնդիրն է, դա պատճառ չի լինի, որ ինքը չմասնակցի ընտրություններին»,- ասաց Խոսրով Հարությունյանը։