Մեզ համար առաջնային է համայնքների տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը. Վաչե Տերտերյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի պատվիրակությանը՝ ասոցիացիայի նախագահ, Գարժիլես-Դամպիերի համայնքապետ Վանիկ Բերբերյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից։
Պատվիրակության կազմում են եղել նաև Օտրակի համայնքապետ Քրիստոֆ Բեդոսոսյանը, Շամալոկի համայնքապետ Միշել Վարդանյանը, Բորըգարդ դե Տարրասոնի համայնքապետ Լիոնել Արմաղանյանը, Դոբյոֆ լա Կամպանյի համայնքապետ Լորանս Բուսիյեղին, Գրավրոն-Սեﬔրվիլի համայնքապետ Կլեր Կարրիեր-Գոդբուն, Արսոյի համայնքապետ Բրյունո Բետընոն։
Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վաչե Տերտերյանը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամությունը ապակենտրոնացված հարթությունում ամենահագեցածն է, ինչի վկայությունն է այն ուրախալի փաստը, որ ավելի քան չորս տասնյակ հայկական համայնքներ ունեն իրենց քույր կամ բարեկամ համայնքները Ֆրանսիայում։
Փոխնախարարը հավելել է, որ երկու երկրների համայնքները համագործակցում են ոչ միայն հումանիտար և մշակութային ոլորտներում, այլև այդ փոխգործակցությունը տեղափոխվում է ենթակառուցվածքների, կոմունալ-արտադրական և տնտեսական զարգացման ծրագրերի դաշտ։
«Մեր նոր կառավարության համար այժմ առաջնային է համայնքների տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը, և Հայաստանը հետաքրքրված է ծանոթանալ Ֆրանսիայի գյուղական համայնքների զարգացման փորձառությանը»,- նշել է փոխնախարարը։
Վաչե Տերտերյանը կարևորել է նաև երկու երկրների համայքների միջև հորիզոնական համագործակցության ապահովման գործում Հայաստանի համայքների միության ակտիվ ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը և համոզմունք հայտնել, որ աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կխորացնի և նոր լիցքեր կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը։
Իր հերթին Ֆրանսիայի գյուղական համայնքների ասոցիացիայի նախագահ Վանիկ Բերբերյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և խնդրել պատվիրակության անունից ողջույններ փոխանցել նախարար Սուրեն Պապիկյանին։ Վանիկ Բերբերյանը նկատել է, որ Ֆրանսիական գյուղական համայնքների ասոցիացիան հաջողությամբ համագործակցում է Հայաստանի համայքների հետ զբոսաշրջության, գյուղատնտեսության, ժառանգության արժևորման ոլորտներում և միաժամանակ վստահեցրել, որ ֆրանսիական կողմը պատրաստակամ է աջակցել գյուղական համայքների զարգացման գործում և Հայաստանին փոխանցել տեղական զարգացման Ֆրանսիայի արժեքավոր փորձը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ժառանգության արժևորման, տեղական ժողովրդավարության, կրթության փորձի փոխանակման, թափոնների կառավարման և շինարարության մեթոդների ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր։