Լևոն Մնացականյան. Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերած մեքենան ՊԲ հաշվեկշռում չի եղել
«Չգիտեմ, թե որտեղից է ձեզ մոտ այդ վստահությունը, որ պաշտպանության բանակի մեքենաները հայտնվել են Մանվել Գրիգորյանի մոտ: Նման բան չկա»,-այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Նախարարի խոսքով, ՊԲ-ին նվիրաբերված բոլոր մեքենաներն այս պահին բանակի հաշվեկշռում են։
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չկա: Համացանցում լուր եղավ, ըստ որի՝ Աստրախանի հայերն իրենց միջոցներով գնել են այդ մեքենան, որի մասին դուք խոսում եք: Իրենց նվիրատվության ընթացքում շեշտել են, որ դա տալիս են Երկրապահ կամավորական միությանը և երիտասարդ թևին, որպեսզի իրենց աշխատանքների կազմակերպման համար օգտվեն այդ մեքենաներից»,-մանրամասնեց Մնացականյանը:
Դիտարկմանը, թե նման հայտարարություն արել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, Մնացականյանն արձագանքեց. «Վերջ ի վերջո դատը կավարտվի, դատարանն իր վճիռը կկայացնի, այն ժամանակ, նման հարցեր չեն առաջանա, պատասխաններն ամբողջությամբ կստանանք: Նորից նշում եմ, որ այն ինչ հայտնաբերվել է, ՊԲ-ի հետ ընդհանրապես կապ չունի»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարել էր. «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան տանը հայտնաբերվեց նաև թվով երեք ավտոպարկ, որտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու, ռետրո ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ձնագնացների հավաքածու: Ուշագրավ էր նաև այն, որ հայտնաբերվեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա: Դրանք պաշտպանության բանակին էին նվիրաբերել Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք Մ.Գրիգորյանը ձևակերպել է իր բարեկամների անուններով և տեղափոխել իր սեփական ավտոպարկ»:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գիգորյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան
- Մանվել Գրիգորյանի փաստաբանին սպառնացողը զղջում է
- ՀՔԾ. Մանվել Գրիգորյանի կինը ձերբակալվել է
- Ձերբակալման հենց առաջին օրը այցելել եմ Մանվել Գրիգորյանին. Արման Թաթոյան
- Մանվել Գրիգորյանը պատրաստ է անձեռնմխելիությունից զրկվել՝ «հանուն հակափաստարկների»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան