Բոլորը գալիս-գնում են, Դաշնակցությունը մնում է. Արմեն Ռուստամյան
«Որևէ խոչընդոտ չկա, որ ՀՅԴ-ն մտնի Երևանի ավագանու ընտրապայքարի մեջ, բայց վերջնական որոշումը կկայացնի Գերագույն մարմինը»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Մասնակցության հարցը կլուծի Գերագույն մարմինը, որովհետև շատ խնդիրներ կան` այս պայմաններում՝ ի՞նչ ձևով ենք գնում ընտրության` մասնակցության նախկին ձևաչափո՞վ, թե՞ ինչ-որ նոր ձևաչափով: Ներկայիս պայմանները թելադրում են նաև համապատասխան քաղաքական տեղի ու դերակատարության ճշտում: Ի վերջո, դա քաղաքական լուրջ ընտրություն է: Ստեղծված իրավիճակը ԳՄ-ն կվերլուծի և կասի իր վերջնական որոշումը»,- նշեց պատգամավորը։
Հարցին՝ ի՞նչ կփոխվի ընտրական պրոցեսներում, ենթադրվում է, որ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի, նա արձագանքեց, որ ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ:
«Նոր քաղաքական իրավիճակ է, Երևանն էլ այդ քաղաքական զարգացումների թատերաբեմն է եղել: Եվ, վստահաբար, այս նոր իրողությունները պարտադրելու են նաև նոր մոտեցումներ ամեն քաղաքական ուժին, որ իր մարտավարությունը ճշտի, քարոզչության ձևերն ու մեթոդները մշակի, և, իհարկե, ընտրությունները կանցնեն բոլորովին նոր` այլ մթնոլորտում, որը, կարծում եմ, շատ ավելի ժողովրդավարական պետք է լինի:
Չգիտեմ` հանրապետականներն իրենք կորոշեն` մասնակցեն, թե` չէ: Ի դեպ, մենք նախորդ ընտրություններին չմասնակցեցինք հենց այդ պատճառաբանությամբ, որովհետև, երբ ԱԺ նախորդ ընտրությունները տեղի ունեցան, մենք գնահատեցինք, որ տեղի է ունեցել համատարած ընտրակաշառքի երևույթ, և դա, բնականաբար, շատ սահուն անցնելու էր նաև Երևանի ընտրություններ: Եվ քանի որ այնտեղ էլ քաղաքական մակարդակն ավելի ցածր է, քան հանրապետական ընտրությունների մակարդակը, այդ պատճառով չմասնակցեցինք»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ, այդ երևույթները նկատի ունենալով, նոր ընտրական միջավայր պետք է լինի, և դա ավելի քաղաքական ու ազատ ընտրություններ է ենթադրում:
Դաշնակցական գործչի խոսքով, հեղափոխական ալիքի վրա եկած իշխանությունը չպետք է կրկնի նախորդների սխալները, որովհետև տեսել են նրանց ճակատագիրը:
«Այսքանը բավարար է ենթադրելու, որ ընտրությունները պետք է բարձր որակով անցկացվեն»,- ասաց նա:
Հարցին, թե ՀՅԴ-ն քի՞չ շանսեր ունի, ինչպե՞ս է ինքը՝ Ռուստամյանը, գնահատում շանսերը, պատգամավորը պատասխանեց. «Այդ կարծիքները, ասեմ, միշտ են եղել, մեզ համար նորություն չեն: Ցանկացած իրադարձություն, որ տեղի է ունենում, բոլորը համարում են, որ Դաշնակցության գործերն ավարտված են, Դաշնակցությունն արդեն պիտի իր ճամպրուկները կապի, գնա: Ինչ ասես` լսել ենք այդ առումով, բայց, ինչպես տեսնում եք, բոլորը գալիս-գնում են, Դաշնակցությունը մնում է»:
Հարակից հրապարակումներ`
- «Իրատես». Արարատ Զուրաբյանը՝ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածու
- «Հրապարակ». «Լուսավոր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրություններին կարող է մենակ մասնակցել. Ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը
- «Ժամանակ». Երևանի ավագանու ընտրություններում ով է լինելու ԲՀԿ-ի թեկնածուն
- Եթե չլինի ընդհանուր մասնակցություն, կլինի առանձին մասնակցություն. Մարուքյանը՝ քաղաքապետի ընտրության մասին
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան