Հայաստանի բնակչությանը խաբում են տեխնիկական աղով
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում զգալի նվազել է աղի արտադրությունը: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի հունվար-մայիսին արտադրվել է 8,2 տոննա աղ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 35.7%-ով:
Աղի արտադրության կրճատման պատճառների մասին Panorama.am-ը զրուցել է Հայաստանում աղ արտադրող միակ ձեռնարկության՝ «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանի հետ:
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին կրճատվել են ինչպես աղի արտադրության, այնպես էլ իրացման ծավալները: Պատճառն, ըստ նրա, Հայաստան ներկրվող տեխնիկական աղն է, որը հանրապետությունում իրացվում է որպես կերակրի աղ:
«Մեր տվյալներով, Հայաստան ներկրվող տեխնիկական աղը յոդացված չէ, իսկ կառավարության որոշմամբ ագելված է մեր երկրում օգտագործել ոչ յոդացված աղ, ավելին, տեխնիկական աղը պիտանի չէ սննդի մեջ օգտագործելու համար, մինչդեռ այն՝ հատկապես Հայաստանի գյուղերում, վաճառվում է որպես կերակրի աղ: Բնականաբար, հայկական աղի արտադրության և իրացման ծավալները պետք է նվազեին»,- ասում է կոմբինատի ղեկավարը՝ հավելելով, որ 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 2850 տոննա աղ, որից 1550 տոննան եղել է տեխնիկական և արդյունաբերական:
Այն հիմնականում ներկրվում է Իրանից:
Արեգ Ղուկասյանը նշում է, որ կարևորը ոչ թե ծավալների նվազումն է, այլ այն, որ այսօր ազգաբնակչությունն օգտագործում է առողջության համար վտանգավոր աղ:
«Կարծում եմ, որ դա Հայաստանի ազգաբնակչությանը սպառնացող դանդաղ գործունեության ռումբ է: Մենք պարբերաբար ստանում ենք շուկայում վաճառվող ներկրված աղի նմուշները, որոնց փորձաքննությունն ուղղակի սարսափեցնում է: Դրանց քիմիական բաղադրությունը չի համապատասխանում մեր օրենքի պահանջներին, և ընդհանրապես իրավունք չկա տվյալ աղն օգտագործել սննդի մեջ»,- ասում է կոմբինատի ղեկավարը:
Ըստ նրա՝ ներկրված տեխնիկական աղը հիմնականում սպառվում է մարզերում, իրենց ունեցած տվյալները ևս փաստում են, որ մարդիկ շրջում են գյուղերով և գյուղացիներին կերակրի աղի փոխարեն տեխնիկական աղ են առաջարկում. «Այն համեմատած ավելի էժան է, բնականաբար, գյուղացին տվյալ աղը գնում է և օգտագործում հացի, ուտելիքի, պահածոնների մեջ: Ի դեպ, այն առանց մակնշման է վաճառվում ու վստահ եմ, որ եթե մարդիկ իմանան՝ իրենց առաջարկվող աղը տեխնիկական է կամ արդյունաբարական, չեն գնի»:
Նշենք, որ կառավարության որոշման համաձայն, ՀՀ-ում արտադրվող և բնակչության սննդում օգտագործվող կերակրի աղը պարտադիր պետք է յոդացվի, քանի որ սննդում յոդի անբավարարությունն առաջացնում է առողջական բազմաթիվ խնդիրներ՝ վահանաձև գեղձի գերաճ, ֆիզիկական և մտավոր թերզարգացում, բնածին արատներ, հղիության ընդհատումներ: 2004 թվականից սկսած Հայստանում կերակրի աղն ամբողջությամբ յոդացվում է:
Արեգ Ղուկասյանի խոսքով՝ իրենց ոչ թե մտահոգում է ներկրման փաստը, քանի որ հայկական աղն իր որակով կարող է մրցակցել ցանկացած երկրի արտադրության աղի հետ, այլ այն, որ ՀՀ է ներմուծվում տեխնիկական աղ, որը հետո վաճառվում է կերակրի աղի փոխարեն:
«Սա առաջին հերթին ազգաբնակչության պարենային անվտանգության հարց է, երկրորդ՝ հարկահավաքության ոլորտում խնդիրներ է առաջացնում, քանի որ այդ աղը մաքսազերծվում է 48 դրամով, իսկ դրա համար ավելի քիչ հարկեր են վճարում, երրորդ՝ սա համարում եմ ազգային անվտանգության հարց: Կարծում եմ, որ այս հարցը պետք է քննության առնվի պետական ատյանների կողմից և չթույլատրվի տեխնիկական աղի վաճառքը կերակրի աղի փոխարեն»,- նշում է կոմբինատի տնօրենը:
Նշենք, որ կոմբինատը նույնպես արտադրում է տեխնիկական աղ, որն օգտագործվում է ճանապարհների սառույցի հալեցման համար, քիմիական գործարաններում և արժե ընդամենը 30 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Արեգ Ղուկասյանը համոզված է, որ Հայաստանում ներկայումս տեխնիկական աղի պահանջարկ չկա՝ հատկապես, որ այս տարվա ձմեռը ձնառատ չէր:
«Ես ուղղակի ուզում եմ նշել, որ այս հարցը բիզնես շահերից ելնելով չէ, որ բարձրացնում եմ, ցանկացած մարդ կարող է աղ ներկրել, ազատ մրցակցային շուկայական հարաբերություններ են, մենք հանգիստ կարող ենք մրցակցել ցանկացած երկրի արտադրած աղի հետ: Հայկական աղի որակը բավականին բարձր է, այն սերտիֆիկացում է անցել Շվեյցարիայում և այն կարող ենք վաճառել նաև այնտեղ: Ունենալով այդպիսի որակի աղ և օգտագործել տեխնիկական աղ սննդամթերքում, կարծում եմ, որ անթույլատրելի է: Այն վտանգավոր է մեր ազգաբնակչության առողջության համար»,- նշում է Արեգ Ղուկասյանը՝ հավելելով, որ այդ աղն օգտագործելու պահին կարող է ոչինչ չպատահել, բայց ժամանակի ընթացքում այն անպայման առողջական խնդիրներ կառաջացնի:
Այսպիսով, աղի կոմբինատի տնօրենը դիմում է պետական մարմիններին՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Առողջապահության նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի ուսումնասիրություն իրականացնեն աղի շուկայում և կանխարգելեն հնարավոր բացասական զարգացումները:
Հ.Գ.
Նշենք, որ ավելի ուշ ՍԱՊԾ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ այս հրապարակումը գրանցել են որպես ահազանգ և ընթացք տվել։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում աղի արտադրությունը շարունակում է նվազել
- ՍԱՊԾ-ն սպառողներին հորդորում է աղ գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան