Նախագիծ՝ ուղղված մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանը
ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում 2017 թվականի մայիսից գործարկված «Ռիսկերի կառավարում» համակարգում, ի թիվս այլ ռիսկերի կառավարմանն ուղղված գործիքների, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից, նորարարական մոտեցումների և ծրագրային լուծումների կիրառմամբ նախագծվել է նաև մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված և դրանց նկատմամբ ավտոմատացված ծրագրային հսկողության ապահովման գործիք:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ արդյունքում հնարավորություն է ստեղծվել իրականացնել մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մաքսային ռիսկերի կառավարման կոմպենդիումի», Համաշխարհային մաքսային կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ մտավոր սեփականության պաշտպանությանը վերաբերող դրույթներին ու սկզբունքներին համապատասխան, ինչպես նաև Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 42-րդ գլխի և ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն, որոնք ուղղված են ազատ առևտրում ազնիվ մրցակցության խթանմանը և մտավոր սեփականության իրավատեր հանդիսացող սուբյեկտների իրավունքների պաշտպանությանը:
Ծրագիրը փորձարկվել է համապատասխան թեստային միջավայրում, ներդրվել և կիրառվում է «Ռիսկերի կառավարում» համակարգում: Թիրախավորման սկզբունքի և ընտրողականության չափանիշների հիման վրա մշակված պրոֆիլների ներդրմամբ և հետադարձ կապի միջոցով հնարավորություն է ստեղծվել ապահովել մտավոր սեփականության օբյեկտների արդյունավետ պաշտպանություն: Արդյունքում հնարավոր է դարձել իրականացնել համապատասխան հսկողություն՝ պաշտպանելով ՀՀ ԱՏԳ իրականացնողների մտավոր սեփականության իրավունքներն ու շահերը:
Մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով ՊԵԿ-ը հորդորում է ԱՏԳ իրականացնողներին համագործակցել կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հետ՝ իրենց մտավոր սեփականության օբյեկտների գրանցման միջոցով: Այդ նպատակով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է իրավատիրոջ կողմից դիմումի ներկայացում Պետական եկամուտների կոմիտե՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով: