«Աստղային պատերազմների» ռեժիսորը 22 հազար մեկնաբանություն է ջնջել Թվիթերից
2017-ի վերջին «Վերջին ջեդաիները» վերնագրով էկրաններ բարձրացած «Աստղային պատերազմների» 8-րդ մասի ռեժիսորը արմատապես մաքրել է Թվիթերի իր պաշտոնական էջը:
Լենտա.ռու-ն գրում է, որ Ռայան Ջոնսոնը ջնջել է բոլոր մեկնաբանությունները, որոնք ինքն արել էր մինչև 2018 թվականի հունվարի 25-ը: Ընդհանուր առմամբ, ջնջվել է ավելի քան 22 հազար թվիթ, ինչից հետո բաց հասանելիության մեջ մնացել է հազարից ավելին: Ռեժիսորը ոչ մի կերպ չի բացատրել իր արարքը, սակայն դիտորդները նշում են կապը վերջին սկանդալի հետ, որի մասնակիցն է դարձել «Գալակտիկայի պահապանների» ռեժիսոր Ջեյմս Գանը, որին Walt Disney ստուդիան աշխատանքից ազատել էր 10 տարի առաջվա կատակների համար, որոնք վիրավորական են համարվել:
Ռայան Ջոնսոնը հայտնի է բարձր սոցիալական ակտիվությամբ: Իր Թվիթերում ռեժիսորը բազմիցս կտրուկ է արտահայտվել տարբեր առիթներով, նաև հաճախ վեճի մեջ է մտել օգտատերերի հետ: Մեկնաբանները կասկածում են, որ Ջոնսոնը, ով պետք է համակարգի «Աստղային պատերազմների» առաջիկա երեք ֆիլմերի ստեղծումը, որոշել է ջնջել գրառումների մեծամասնությունը՝ վախենալով ոչ կոռեկտության մեջ մեղադրանքներից: