ՎԶԵԲ-ի տնօրենը տպավորիչ համարել կառավարության ձեռնարկած գործողությունները՝ կոռուպցիայի դեմ պայքարում
Տնտեսությունը զարգացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու ճիշտ մշակույթ ձևավորել նշանակում է նաև հարաբերություններ զարգացնել ճիշտ գործընկերների հետ: Նման կարծիք է հայտնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երկօրյա պաշտոնական այցով Երևանում գտնվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժիի և գլխավոր տնտեսագետ Սերգեյ Գուրիևիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է ՎԶԵԲ-ի հետ համագործացկությունը խորացնելու և ընդլայնելու կառավարության պատրաստակամությունը:
ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետ Սերգեյ Գուրիևը համակարծիք է եղել փոխվարչապետի հետ, որ ՎԶԵԲ-Հայաստան գործընկերությունն ունի մեծ կարևորություն և հույս է հայտնել, որ այն շարունակական կլինի:
Ըստ աղբյուրի, ՎԶԵԲ ներկայացուցիչները վստահեցրել են, որ, օգտագործելով այլ երկրներում իրենց ունեցած փորձը, պատրաստ են աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ մասնավորապես ներդրումային միջավայրը բարելավելու տեսանկյունից: Նրանց համոզմամբ՝ ՎԶԵԲ-ը մեծ ուշադրություն է հատկացնում այն բարեփոխումներին, որոնք միտված են բարելավելու երկրի ընդհանուր տնտեսական համակարգը, այսինքն՝ ապահովելու թափանցիկությունն ու խթանելու բաց շուկայական հարաբերությունները:
ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարին և այդ առումով տպավորիչ համարել նոր կառավարության ձեռնարկած գործողությունները: