Նախիջևանում իրավիճակը վերահսկելի է. Դավիթ Տոնոյան
«Նախիջևանում իրավիճակը վերահսկելի է, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց դիրքերն ամրացնելու ինժեներական աշխատանքները։ Մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի այդ գործողությունները չեզոքացվեն»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նա հավաստիացրեց, որ Նախիջևանի ուղղությամբ լարվածություն չկա։
«Անհոգ եղեք, ԶՈՒ-ն այնպիսի միջոցներ են ձեռնարկել, որոնք չեզոքացրել են այդ միջդիրքային տարածության կրճատումը։ Արդեն իսկ միջոցներ են ձեռնարկված»,- ասաց պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Անդրադառնալով ծառայակցի կողմից երեկ զինծառայողի սպանության դեպքին՝ Դավիթ Տոնոյանը հավաստիացրեց, որ խոսքը ոչ թե միջանձնային հարաբերություններով պայմանավորված հաշվեհարդարի, այլ դժբախտ պատահարի մասին է։
«Առնվազն այս փուլում նախաքննությունը մեզ չի տալիս որևէ տեղեկություն, որ դա եղել է միջանձնային հարաբերությունների արդյունքում։ Ամեն ինչ արվում է, որ այդ դեպքերը չկրկնվեն։ Դա կարգապահության, վարժվածության, պատրաստության խնդիր է՝ ըստ մեր տեղեկությունների»,- ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս կարելի է բանակում բացառել դեպքերը, երբ զինծառայողը սպանվում է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ծառայակցի կրակոցից, պաշտպանության նախարարը շեշտեց՝ ավելի վաղ պատահած այդ դեպքը միջանձնային հարաբերությունների արդյունք է։
«Նախ, պետք է գիտակցության վրա աշխատել, որպեսզի խմիչքը պայմանագրայինների մոտ՝ առաջնագծում չհայտնվի։ Պետք է կարգապահության մակարդակը բարձրացվի։ Եվ հրամանատարական, և սպայական կազմից են ազատումներ լինում, անհոգ եղեք։
Անկարգապահության, քրեական դրսևորումների, կոռուպցիայի ռիսկերի նվազեցման առումով ՊՆ-ն մեծ աշխատանքներ է տանում», -ասաց պաշտպանության նախարարը։
Դավիթ Տոնոյանը միաժամանակ տեղեկացրեց, որ զինծառայողների աշխատավարձերի բարձրացում 2019 թվականին չի նախատեսվում, սակայն պաշտպանական ոլորտի բյուջեի զգալի բարձրացում է սպասվում։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ում ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածի իրավիճակը
- Հայկական կողմը ցանկություն չունի սրել իրավիճակը սահմանագոտու նախիջևանյան հատվածում. նախարար
- Պետք մտածել՝ ինչպես բարձրացնել Նախիջևանի հարցը բանակցություններում. քաղաքագետ
- Դավիթ Տոնոյանը Նախիջևանյան հատվածում մարտական ծառայությանը վերաբերող հարցեր է քննարկել
- Նախիջևանյան հատվածում լիակատար վերահսկողությունը պահպանելու հարցում ՀՀ ԶՈՒ-ն աջակցության կարիք չունի. Բալայան
- Ալիևի նախիջևանյան գամբիտն ու թուրքական կործանիչները