Մենք համարժեք ենք լինելու իրավիճակին. ՀՀ վարչապետը Արցախյան հիմնախնդրի մասին
«Ես ուզում եմ քաջալերել մեր աղջիկներին, որ նրանք նույնպես մտածեն բարձրագույն կրթություն ստանալու այսպիսի տարբերակի մասին։ Կարծում եմ՝ դա մեր ծառայության որակն ընդհանուր առմամբ կբարձրացնի։ Ես ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել այս ընտրության համար և ուզում եմ մյուսներին քաջալերել, որպեսզի նրանք նույնպես մտածեն այսպիսի կրթության մասին»,- այսօր ՀՀ ռազմական հաստատությունների շրջանավարտներին վկայագրերի հանձնման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման թեմային՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շատ ճիշտ է արել, որ Ադրբեջանի հասցեին կտրուկ հայտարարությամբ է հանդես է եկել։
«Պաշտպանության նախարարի աշխատանքն է ոչ միայն այդպիսի հայտարարություններ անելը, այլ նաև այդ հայտարարությունների բովանդակությունն անհրաժեշտության դեպքում ապահովելը։ Այո, մենք կարևոր ենք համարում Արցախի ներգրավումը բանակցային ձևաչափում։ Ես ասել եմ, որ կարող եմ բանակցել ՀՀ անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև ԱՀ-ն ունի դրա համար ընտրված պաշտոնյաներ և կառույցներ։ Ես ասել եմ նաև, որ մենք պատրաստ ենք բանակցությունների և նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- նշեց գործադիրի ղեկավարը։
Փաշինյանի խոսքով, ոչ թե հարաբերությունների վերանայման մասին է պետք խոսել, այլ իրավիճակին համարժեք լինելու։ Որևէ դիրքորոշում, ըստ նրա կարծրացած չէ, դիրքորոշումները պետք է լինեն համարժեք։
«Մենք կարծում ենք, որ, այո, խաղաղ ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր և հնարավոր է, բայց մենք ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ։ Ցավոք սրտի, Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը։ Մենք համարժեք ենք լինելու իրավիճակին։ Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը և կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, մենք այդ իրավիճակին համարժեք կլինենք։ Եթե այլ իրավիճակի ուղղությամբ կգնա, մենք այդ ուղղությամբ նույնպես կլինենք համարժեք՝ օպերատիվ իրավիճակից և մեր ազգային շահերից բխող»,- շեշտեց ՀՀ վարչապետը։
Լրագրողները գործադիրի ղեկավարից հետաքրքրվեցին՝ ինչու աշխատանքից ազատվեց գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը։ «Որովհետև աշխատանքից ազատման դիմում էր գրել»,- պատասխանեց վերջինս։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան