Երևանի ապակիների արտադրամասի պայթյունից տուժածներից մեկի մարմնի մակերեսի 65 տոկոսն այրվել է
Երևանի Արտաշիսյան 62 հասցեում գտնվող ապակիների արտադրամասում տեղի ունեցած պայթյունից տուժած Ս. Հ.-ն «Աստղիկ» ԲԿ-ից տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն։ Նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Լրագրողների հետ զրույցում Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանն ասաց, որ մարմնի մակերեսի 65 տոկոս 3-րդ Ա,Բ և 4-րդ աստիճանի այրվածքներ են՝ գումարած շնչուղիների այրվածք, ընդհանուր մակերեսը մոտ 80 տոկոսի է հասնում:
«Չեմ կարող ասել, որ դա կյանքի հետ անհամատեղելի է, բայց մահացության բարձր տոկոս դիագնոզ է: Հիմա արհեստական շնչառության ապարատ է միացված, այրվածքային ծայրահեղ ծանր շոկի մեջ, բուժումներն ընթացքում են»,-ասաց բժիշկը:
Հ. Ասլանյանի խոսքով, հիվանդի վրա կան նաև պայթյունի հետևանքով առաջացած փոքր վնասվածքներ՝ մի քանի տեղ ստորին վերջույթների վրա։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Արտաշիսյան 62 հասցեում գտնվող ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են։ Կան տուժածներ:
ԱԻՆ հաղորդմամբ, տուժածներ Ս. Հ.-ն (1989 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս. Հ.-ն (1972 թ.)՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, ևս մեկ տուժած Է. Հ.-ն (1987 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Է. Հ.-ն «Սուրբ Աստվածամայր» և Ս. Հ.-ն «Աստղիկ» ԲԿ-ներից տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ Ս. Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Է. Հ.-ինը՝ ծանր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածում ընկած քարերը: