Քաղաքական տարբեր ճամբարների համակիրները ֆեյսբուքը դիտում են իրար հետ հաշիվներ մաքրելու հարթակ. Աշոտ Մելիքյան
«Հայաստանում իրոք իրավիճակ է փոխվել, և մինչև մարտի 23-ը մենք դժվար թե պատկերացնեինք, որ երկրի առաջին դեմքն ուղիղ եթերով կպատմեր իր աշխատանքային օրվա, ընդունված որոշումների մասին, կմեկնաբաներ կարևորագույն իրադարձությունները։ Վերջին տասը տարիներին մենք հակառակն ենք տեսել։ Ուղղակի մամուլի ասուլիսներ տեղի չէին ունենում, առաջին դեմքն ասուլիսներ չէր տալիս և շփվում էր միայն իր ընտրած լրատվամիջոցների հետ»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նրա խոսքով, եթե ԶԼՄ-ների խմբագիրները դժգոհում են նոր իշխանությունների աշխատաոճից, այն է՝ կարևոր իրադարձությունների մասին ֆեյսբուքի ուղիղ եթերով հանրությանը ծանուցելու պրակտիկայից, նշանակում է, որ ինչ-որ խնդիր, այնուամենայնիվ, կա։
«Սա արդեն իրողության երկրորդ կողմն է։ Երբ բարձրաստիճան պաշտոնյաներն ուղիղ եթերով պատմում են իրենց գործունեության մասին, որոշակիորեն իրենց վրա վերցնում են մամուլի քարտուղարների գործառույթները։ Հաճախ պետական մարմիններում անտեսվում է այդ օղակի գործունեությունը»,-ասաց բանախոսը։
Աշոտ Մելիքյանի խոսքով, ֆեյսբուք սոցիալական ցանցում վիրավորանքների և սուր քննադատության ալիքը միշտ է գոյություն ունեցել, սակայն վերջին շրջանում լայն թափ է առել։
«Հասարակությունը գերքաղաքականացված է, և յուրաքանչյուր քննադատություն սվիններով է ընդունվում։ Կարծում եմ՝ երկրում գոյություն ունեն քաղաքական ճամբարներ՝ կազմված հաղթած հեղափոխականների և պարտված քաղաքական ուժի հետևորդներից։ Բոլոր ուժերն ունեն իրենց համակրած կամ իրենց կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Այս առումով տարբեր քաղաքական ճամբարների համակիրները ֆեյսբուքը դիտում են իրար հետ քաղաքական հաշիվներ մաքրելու հարթակ»,- նշեց ԽԱՊԿ նախագահը։
Քննարկմանը ներկա «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության մեդիա փորձագետ Աննա Փամբուխչյանն իր հերթին նկատեց, որ կարճ ժամանակ առաջ Հայաստանում մարդկանց մի ստվար զանգված վախենում էր սոցիալական ցանցերում տեսակետ արտահայտել, մինչդեռ այժմ այդպես չէ։
«Սա մի կողմից դրական է, քանի որ ազատ խոսք ունեցող երկրում այդպես պետք է լինի, մյուս կողմից երևույթն ունի բացասական հետևանքներ, որովհետև առկա է նեգատիվ կոնտենտ։ Մենք ունենք հայհոյանքները ֆիլտրելու խնդիր՝ չմնայած հայերեն գրառումները ֆեյսբուքի համար դժվար է ֆիլտրել։ Միաժամանակ, ես չեմ համարում որ այն աստիճան ատելության քարոզչություն կա, ինչպիսին փորձում են ներկայացնել»,- ասաց բանախոսը։
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշեց, որ խոսքն ուժ ունի, և եթե կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ սոցիալական ցանցերում տեղեկատվական պատերազմ է, ուրեմն դա ճգնաժամ է պաշտոնապես։
«Կարծում եմ՝ այստեղ կան օբյեկտիվ պատճառներ։ Փոխվել են իշխանություն-մամուլ, մամուլ-մամուլ հարաբերությունները։ Դաշտն ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է, և շատ խմբագիրների դժվար է այս իրավիճակում հասկանալ՝ որ ուղղությամբ պետք է շարժվել։ Մյուս կողմից իսկապես կա տեղեկատվական հակամարտություն, որովհետև կան կենտրոններ, որոնք սոցիալական ցանցերը սկսել են ակտիվորեն օգտագործել քարոզչական հարձակումների համար։ Սա նոր բան չէ, պարզապես կենտրոններն են շատացել և գնալով շատանալու են, որոշներն իրենց ամբողջ ներուժը չեն մտցրել դաշտ»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին