ՀՀ-ն ու ՌԴ-ն կարող են ստեղծել Կինոյի հիմնադրամ
Ռուսաստանն ու Հայաստանը կարող են ստեղծել Կինոյի հիմնադրամ համատեղ կինոնախագծերն աջակցելու համար։ ՌԴ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, այս մասին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն ասել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին։
«Մենք ունենք համատեղ կինոնախագծեր, մի քանի տարի առաջ «Երկրաշարժ» ֆիլմը ներկայացվեց, այնուհետև «Սպիտակ» ֆիլմը, որը Մոսկովյան միջազգային կինոփառատոնում ստացել է «Արծաթե Գեորգի» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար»,- ասել է Մեդինսկին՝ ընդգծելով, որ երկու երկրները բավականին շատ հետաքրքիր ընդհանուր թեմաներ ունեն, որոնք կարող են այս կամ այն ֆիլմի հիմքում լինել։
Նրա խոսքով, ընդհանուր կապիտալով հիմնադրամը կարող է հանդես գալ պատվիրատու որպես արտադրության, այնպես էլ համատեղ ֆիլմերի առաջմղման համար։
«Դա կարող է լինել որևէ իրավաբանական անձ, որն ունի հայկական և ռուսական կողմից տնօրեն և փորձագիտական խորհուրդ, որոնք որոշում են, թե որ նախագծերն աջակցել։ Դրանք կարող են լինել ինչպես սոցիալական, այնպես էլ կոմերցիոն ֆիլմեր»,- ասել է Մեդինսկին՝ ավելացնելով, որ հիմնադրամը կարող է գումար հատկացնել, օրինակ, վերադարձի հիմքով։
Նրա խոսքով, կարելի է դիտարկել նաև մասնավոր-պետական կազմակերպության ստեղծման տարբերակը։
Իր հերթին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը կինոյի հայ-ռուսական հիմնադրամի ստեղծումը համարել է լավ գաղափար։
«Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկել, հասկանալ ձևաչափը և այն, թե մարդկային և ֆինանսական ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ»,- ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ նման կազմակերպությունը կնպաստի նոր տաղանդավոր ռեժիսորների ի հայտ գալուն։