Հակահեղափոխություն չի լինելու. ՀՀ վարչապետը երաշխավորել է Պետերբուրգի հայ գործարարներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սանկտ-Պետերբուրգում հայազգի գործարարների հետ հանդիպման ժամանակ նրանց հրավիրեց Հայաստան՝ տնտեսական գործունեություն ծավալելու համար։
«Հայստանում տնտեսական գործունեության համար նախկինում առկա բոլոր խոչընդոտները վերացված են, գոյություն չունեն»,- ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ խոչընդոտներից մեկը եղել է և տեղ-տեղ շարունակում է մնալ կոռուպցիան, սակայն այսօր Հայաստանում ակտիվ պայքար է գնում կոռուպցիայի դեմ և այդ պայքարը շարունակվելու է, բայց դա չի կարող պայքար լինել բիզնեսի դեմ։
«Բնականաբար, կոռուպցիայի դեմ պայքարը որոշակի առնչություն է ունենում նաև որոշ ընկերությունների հետ։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս պայքարը չընկալվի և չմեկնաբանվի որպես արշավ ընդդեմ բիզնեսի, մեզ համար կարևոր է, որ հստակ գծենք գիծը, որ այդ պրոցեսը չի կարող լինել ընդդեմ բիզնեսի»,- ասաց վարչապետը։
Դիմելով գործարարներին՝ Նիկոլ Փաշինյանը նրանց կոչ արեց գալ և ներդրումներ իրականացնել Հայաստանում։
«Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, պետական որևէ մարմին չի կարող այդ ներդրումը «ջարդել, փոշիացնել», խոստանում ենք, որ որևէ մեկը չի կարող փայ մտնել, բացառում ենք նաև պետական մարմինների կողմից նախկինում գործող արատավոր երևույթը, երբ «նալոգ» էր դրվում»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ ինքը պաշտոնապես հայտարարել է՝ բիզնեսն այսուհետ Հայաստանում որևէ կոռուպցիոն պարտավորությունից ազատված է։
Վարչապետը նշեց նաև, որ հայազգի գործարարները միշտ էլ մեծ գումարներ են ուղարկել հայրենիք, որոնք ուղարկվում են բարեգործության տրամաբանության ներքո, ինչը , ըստ նրա, շատ գնահատելի է, քանի որ դրանք կենսական նշանակություն են ունեցել Հայաստանի համար։
«Հիմա մենք պետք է այս համագործակցության տրամաբանությունը փոխենք, պետք է այնպես անենք, որ այդ գումարները ոչ թե գան ու սպառվեն , այլ դրանք ներդրվեն տնտեսական գործունեության մեջ։ Այսինքն՝ մենք պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որ դուք Հայաստանում բիզնես ունենաք, շահույթ ստանաք, և օգուտ բերեք ժողովրդին ու պետությանը։ Մենք չենք առաջարկում, որ ձեր բիզնեսն այստեղից Հայաստան տեղափոխեք, պարզապես փորձեք ձեզ համար անվտանգ կետից, որ եթե չստացվի էլ, առանձնապես մեծ ողբերգությււն չլինի, թեև վստահ եմ, որ ամեն ինչ էլ կստացվի»,-հանդիպման ժամանակ նշեց վարչապետը։
Այսպիսով, ըստ Նիկոլ Փաշինյանի, հիմա Հայաստանում իրավիճակ է փոխվել և Հայաստանը նախ պետք է ընկալել որպես հայրենիք, հետո արդեն շահույթ ստանալու վայր, որտեղ նաև աշխատատեղեր կստեղծեն ու բյուջեն էլ կլցնեն։
«Հայաստանում անշրջելի գործընթաց է տեղի ունեցել, Հայաստանում այլևս գործունեություն կարող է ծավալել այն իշխանությունը, որը հենվում է հեղափոխության տրամաբանության, արժեքների վրա։ Հայաստանում հակահեղափոխություն չի լինելու, և ես ինձ համարում եմ դրա երաշխավորը։ Ժամանակը շատ թանկ է, և ես Ձեզ կոչ եմ անում այդ ժամանակը չկորցնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկեց Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ
- Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան