ՕԵԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. Հեղինե Բիշարյան
Երևանի ավագանու ընտրությունները սարերի հետևում չեն։ Հուլիսի 16-ի՝ քվորում չապահովելու պատճառով ավագանու արտահերթ նիստի չկայանալուց հետո քաղաքապետի աթոռը փաստացի շարունակում է դատարկ մնալ։
Միաժամանակ, ըստ օրենքի՝ կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին, եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:
Նշենք, որ որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են, որ մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին։ Ավելին, ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հայտարարել է, որ քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո էլ պարզ է դարձել, որ այդ պաշտոնին հավակնում է միանգամից 4 հոգի՝ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը և ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը:
ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը ևս մեզ հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ իրենք անպայման մասնակցելու են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։
Իսկ ի՞նչ մտադրություն ունի այս առումով «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Պարզելու համար Panorama.am-ի թղթակիցը զրուցեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ։
Վերջինս տեղեկացրեց, որ իրենք ևս պատրաստվում են մասնակցել ավագանու առաջիկա արտահերթ ընտրություններին։
«Այս պահին քննարկումներ են գնում, դեռևս որոշված չէ՝ ով կգլխավորի ցուցակը։ Ամեն ինչ պարզ կլինի առաջիկայում, դեռ ժամանակ կա»,- ասաց Բիշարյանը՝ հստակեցնելով, որ իր և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անունները ցուցակում չեն լինելու։
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». Երևանի ավագանու ընտրությունները վեճ է գցել ՔՊ-ի ներսում
- «Իրատես». Արարատ Զուրաբյանը՝ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածու
- «Ժամանակ». ՀՅԴ-ն ակտիվորեն մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին. Թեկնածուն կին կլինի
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
- ԲՀԿ-ն ու «Ելք»-ը մտադիր են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քաղաքապետի թեկնածուներ առաջադրել