Ռոբերտ Քոչարյան. Փորձում են կասեցնել իմ մասնակցությունը ապագա ընտրություններին
ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ Հայաստանից: Նա կեղծիք որակեց իր դեմ հարուցված քրգործը՝ նշելով, որ այն ռումբ է Հայաստանի պետականության տակ և մեծապես վնասում է բանակի հեղինակությունը:
«Ճանապարհներ փակելով եկել են իշխանության և խոսելով օրինականությունից՝ ծայրահեղ ապօրինի որոշում են կայացրել: Հիմա ասելու են՝ մենք կապ չունենք ՀՔԾ-ի հետ, միայն ՀՔԾ ղեկավարին փոխելուց հետո այսպիսի վիճակ առաջացավ»,-ասաց երկրորդ նախագահը:
Անդրադառնալով ՀՔԾ-ի կողմից իրեն մեղադրանք առաջադրելու դրդապատճառներին՝ Քոչարյանը նշեց. «Ես կարծում եմ՝ սրանով փորձում են կասեցնել իմ ակտիվ մասնակցությունը ապագա ընտրություններին, մարդիկ հասկանում են, որ միայն իմ օրոք է տնտեսական աճը աննախադեպ եղել: Ինձ փորձում են չեզոքացնեն հնարավոր քաղաքական գործընթացներից»:
Նախկին նախագահը թվեց իր ղեկավարման օրոք Հայաստանի տնտեսական ձեռքբերումները՝ ասելով. «Մարդիկ հիշում ու հասկանում են, որ նման բագաժով մարդը կարող է իրենց համար վտանգ լինի հնարավոր ընտրության ժամանակ: Ի դեպ, նախորդ իշխանությունը ևս մտահոգ էր: Իմ կերպարը հանգիստ չի տալիս: 10 տարի ես միշտ քննադատության եմ ենթարկվել նաև ՀՀԿ-ի կողմից: Այն հարցերը, որոնց հետ ես համաձայն չէի՝ քննադատում էի, երբ ես Կենսաթոշայինի պարտադիր համակարգի հետ, կամերաների, կարմիր գծերի, հայ-թուրքական արձանագրությունների հետ համաձայն չէի, ես արտահայտվում էի ու չէի կարող լռել:
....Նրանք ուզում են մտնեն դատարան ինձ կալանավորեն: Այսինքն՝ Ղարաբաղի առաջին, ՀՀ երկրորդ նախագահը, որի օրոք Ղարաբաղը հաջողություններ է գրանցել, ՀՀ տնտեսությունը աճել է 5 անգամ, վաղը կարող է բանտում հայտնվել:
... Ես եկել էի ցուցմունք տալու, հենց իմ կարգավիճակը փոխվեց, ես որոշեցի ցուցմունք չտալ: Ես ապշած եմ այդ մեղադրանքի շինծու բնույթից: Երկրում 37 թվի բարքերն է հաստատվում: Կգնամ բանտ, կնստեմ կպայքարեմ մինչև վերջ: Իմ կենսագրությունն ամբողջությամբ իմ երկրի հետ է, ես չեմ կարող փախնել»:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ից հայտարարել են` այսօր միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում
- Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
- Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է
- Քոչարյանն ու Խաչատուրովը ՀՔԾ-ում են
- ՀՔԾ-ում սպասում են Ռոբերտ Քոչարյանին
- ՀՔԾ պետը չի կոնկրետացնում Ռոբերտ Քոչարյանին հարցաքննող քննիչի անունը