Վենետիկյան կինոփառատոնին մեղադրել են կանանց ճնշելու մեջ
Վենետիկի փառատոնը կրկին ստանում է գենդերային անհավասարությանը վերաբերող բողոքներ։ fontanka.ru-ն գրում է, որ փառատոնի ծրագրում ընդգրկված կանանց կողմից նկարահանված ֆիլմերի քանակը մտահոգել է The Hollywood Reporter-ին, որի լրագրողները հաշվարկել են, որ 2018-ին 21 ֆիլմից միայն մեկի հեղինակն է գեղեցիկ սեռի ներկայացուցիչ։ Նմանատիպ իրավիճակ էր նաև 2017-ին։
Փառատոնի արտ-տնօրեն Ալբերտո Բարբերան ուրախությամբ արձանագրել է, որ տղամարդկանց և կանանց կողմից հավասար քանակի ֆիլմեր են արվում։ Այս տարի կինոգործիչները դիտել են շուրջ 1500 ֆիլմ, որի մեկ երրորդը նկարահանվել է կանանց կողմից։ Բայց համաշխարհային փառատոներում իրավիկճակը մնում է կայուն՝ մրցույթներին մասնակցում են կանանց կողմից նկարահանված քիչ ֆիլմեր։
«Ուշ թե շուտ բոլորն էլ կհասկանան, որ կին-ռեժիսորները նույնքան լավն են և կրեատիվ, որքան նրանց գործընկերները։ Բայց պետք է ինչ-որ բան փոխել շղթայի սկզբում, այլ ոչ թե վերջում։ Վենետիկյան փառատոնը ոչ մի բան չի կարող անել։ Այն կանգնած է կինոարտադրության գործընթացի վերջում։ Երբ ես տեսնում եմ որակյալ ֆիլմ, ինձ չի անհանգստացնում՝ կին, թե տղամարդ է այն նկարահանել։ Ինձ համար մեկ է, որովհետև այն լավ ֆիլմ է։ Բայց գլխավոր մրցույթում ընդգրկել ևս մեկ աշխատանք միայն այն պատճառով, որ այն կին է նկարահանել, իմ կարծիքով, վիրավորական է»,- ասել է նա։
Վենետիկյան 75-րդ կինոփառատոնի ծրագիրը հայտարարվել է հուլիսի 25-ին։ Փառատոնը կայանալու է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը։ Ժյուրին գլխավորում է Գիլմերո դել Տորոն։