Դաունի համախտանիշը չի խանգարել բիզնեսում հասնել հաջողության
Հնարավո՞ր է համատեղել խենթ գաղափարներն ու շահավետ բիզնեսը։ Ամերիկացի Ջոն Լի Կրոնինի համար պատասխանն ակնհայտ է. մեկուկես տարում գուլպաների արտադրության նրանց ընտանեկան բիզնեսը վերածվել է իսկական գուլպաների կայսրության «Խելահեղ Ջոնի գուլպաները» անունով։ Եվրանյուզը գրում է, որ Դաունի համախտանիշով 22-ամյա ձեռնարկատերն անկախ ամեն ինչից իրականացնում է իր երազանքները:
«Հարցնում եք՝ ինչո՞ւ գուլպա։ Որովհետև զվարճալի է, ուրախ է։ Ինձ դուրս է գալիս ստեղծել, և ես ուզում եմ, որ այստեղ լինեն ամենալավ բաները»,- խոստովանել է երիտասարդ ձեռնարկատերը։
Ջոնը դպրոցն ավարտելուց հետո է որոշել զբաղվել բիզնեսով, իսկ հայրն աջակցել է որդուն։
«Մենք ստեղծել ենք 35 աշխատատեղ, 18-ը զբաղեցնում են զարգացման առանձնահատկություններով մարդիկ։ Մենք կարողացել ենք հավաքել 135 հազար դոլար բարեգործական նպատակներով։ Հաճախորդները գոհ են»,- ասել է Ջոնի հայրը։
Ընկերությունը վաճառում է գուլպաների 2000 եզակի տեսակներ, դիզայնը մտածում է հենց Ջոնը։
Ընտանիքն ուզում է ցույց տալ, որ յուրաքանչյուրը պետք է ունենա հնարավորություն։ Զարգացման առանձնահատկություններով մարդիկ բացառություն չեն։ Հաջողության իրական պատմություն. մեկուկես տարում եկամուտը կազմել է ավելի քան 4 միլիոն դոլար։