Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հնդկաստան բուժման մեկնող հինգ զինվորականների
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է տարբեր ժամանակահատվածներում ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած հինգ զինվորականների` կապիտան Միքայել Սարգսյանին, կապիտան Գնել Համբարձումյանի, զորացրված ժամկետային զինծառայողներ Նարեկ Մարուքյանին, Կարեն Համբարձումյանին և Գրիգոր Հովհաննիսյանին, ովքեր առաջիկա օրերին կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Դեռևս հունիսի 16-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանդիպել էր ծանր վիրավորում ստացած 15 զինվորականների հետ, ովքեր պրոթեզավորման նպատակով անհրաժեշտ զննության էին ենթարկվել Նորին Սրբության հրավերով Հայաստան ժամանած Գերմանիայի առաջատար «Օթթոբոք» կլինիկայի Հնդկաստանի մասնաճյուղի օրթոպեդ-վնասվածքաբանների կողմից։
Հանդիպման սկզբում ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայցել է Նորին Սրբության օրհնությունը հայրենյաց պաշտպաններին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, քաջարի ծառայության համար իր գնահատանքն ու օրհնությունը բերելով զինվորականներին, ընդգծել է, որ նրանք ամբողջական նվիրումով իրենց պարտք են մատուցել Հայրենիքին, պաշտպանել հայ ժողովրդին և անառիկ պահել երկրի սահմանները:
Հայոց Հայրապետը հաստատել է, որ Հայրենիքին հայրենասիրությամբ ու նվիրումով ծառայելու ոգին է հայ ժողովրդին մշտապես հաղթանակներ պարգևել, ապահովել երկրի խաղաղությունն ու բնականոն զարգացումը, հնարավորություններ ընձեռել իրականություն դարձնելու հայորդիների երազանքները:
Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ երիտասարդները միևնույն ոգով կշարունակեն անձնվիրաբար ծառայել Հայրենիքին և իրենց ազգաշեն գործերով կնապաստեն հայ ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքի կերտմանը:
Անդրադառնալով արտերկրում նրանց բուժման կազմակերպմանը` Նորին Սրբությունը հաստատել է , որ դա նվազագույնն է, որ Հայոց Եկեղեցին կարող է անել քաջարի զինվորականների համար ի դիմաց իրենց անձնազոհ նվիրյալ ծառայության:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է բերել նաև զինվորականների ծնողներին նման զավակներ կրթելու ու դաստիարակելու համար՝ վստահեցնելով, որ յուրաքանչյուր հայորդի իր խոնարհումն է բերում քաջարի զինվորներին նրանց հերոսական ոգու համար: