«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բողոքի ակցիա է՝ ընդդեմ Արա Մինասյանի ազատման
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է, բողոքի ակցիա են իրականացնում բուժաշխատողները՝ սպառնալով գործադուլ հայտարարել: Նրանք զայրացած են առողջապահության նախարարի որոշումից: Հիշեցնենք, Արսեն Թորոսյանը գրել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից:
Ինչպես փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, նախարարի որոշման դեմ դուրս եկած աշխատակիցները նշում են, չեն պատրաստվում այլ տնօրենի հետ աշխատել, Արա Մինասյանի ազատումը անարդար են համարում:
Լրագրողների հետ զրույցում ԲԿ Ճառագայթային բժշկության բաժանմունքի վարիչ Արման Գրիգորյանը նշեց՝ իրենք հեղափոխություն չեն արել, որ նոր իշխանությունները գան ու աշխատանքից ազատեն տարիներով բուժհաստատությունը ղեկավարած ու բժշկական կենտրոն դարձրած պրոֆեսիոնալ անձին:
«Մի հեղափոխություն արել ենք, մեկն էլ կանենք: Մենք երևի չընդունենք նոր հիվանդների, կամ կընդունենք միայն նրանց, ովքեր կյանքի հետ անհմատեղելի վնասվածք ունեն, ծանր վիճակում են, մինչև որ իրավիճակը կարգավորվի, պարզ լինի, թե հետագայում ինչպես է վճռվելու բուժհաստատության տնօրենի ճակատագիրը։ 1800 մարդու կարծիքն արհմարահում են, հաշվի չեն առնում, չենք աշխատի, հեղափոխություն արեցինք, որ այսպես լինի՞,-ասաց ԲԿ ռենտգեն բաժանմունքի վարիչը:
Բուժաշխատողները մուտքի առաջ պարզել են «մենք բոլորս Մինասյան ենք», «Մինասյանը մերն է» գրությամբ ցուցապաստառներ, վանկարկում են Արա Մինասյանի անունը:
Ինչ վերաբերում է նախարարի՝ այդ ԲԿ-ում տեղի ունեցած չարաշահումների մասին հայտարարություններին, ապա աշխատակիցներն ասել են՝ չենք հավատում, իրենք դրանց մասին վկայող որևէ պաշտոնական թուղթ չեն տեսել:
ԲԿ-ում ոստիկանության ներկայացուցիչներ կան, այնտեղ է նաև ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը։
ԱԺ պատգամավորը նշեց, իհարկե, մարդուն կարելի է աշխատանքից հեռացնել, բայց ոչ բոլշևիկյան սկզբունքների համաձայն: Նա միաժամանակ նախարար Արսեն Թորոսյանին հորդորեց գալ բողոքի ակցիայի անցկացման վայր ու բուժաշխատողներին բացատրել Մինասյանին ազատման պատճառները:
«Պատմությունը հարյուր Արսեն թորոսյանների վրա փոշի կդնի, իսկ Արա Մինասյանի անունը պատմության մեջ գրվել է ոսկե տառերով»,-ասաց նա:
Բացի Սամվել Ֆարմանյանից այստեղ է նաև Հանրապետական խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը:
Բողոքի ակցիային միացել են նաև ԲԿ-ում նախկինում բուժում ստացած, վիրահատված բազմաթիվ քաղաքացիներ: Նրանք նշում են, որ Արա Մինասյանն օգնության է հասել բոլորին, նրանից լավ ղեկավար բուժհաստատության համար չեն պատկերացնում:
ԲԿ է ժամանել նաև առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: