Բողոքի ակցիայի մասնակիցները նախարարին մինչև 8:30 ժամանակ տվեցին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տնօրեն Արա Մինասյանի ազատման դեմ բողոքող բուժաշխատողները մինչև 8:30 կսպասեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նրանք ցանկանում են, որպեսզի անձամբ նախարարը իրենց պարզաբանի Մինասյանի ազատման պատճառները:
Հարցին, ինչ կլինի, եթե նախարարը չգա իրենց հետ հանդիպման, ինքնաբուխ հավաքի մասնակիցները նշեցին, այդ ժամանակ կորոշեն իրենց հետագա քայլերը:
«Մինասյան, Մինասյան» անդադար վանկարկում են նրանք:
Ակցիայի ընթացքում մի տղամարդ սկսեց բղավել ու սպառնալ ակցիայի մասնակիցներին, ինչին ի պատասխան, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ոստիկաններին խնդրեց ապահովել ինքնաբուխ հավաքի խաղաղ ընթացքը, կատարել իրենց պարտականությունները:
Ակցիայի մասնակիցները տեղի ունեցածը սադրանք որակեցին:
Պատգամավորը կոչ արեց հերթապահ բժիշկներին ու բուժքույրերին իրենց աշխատանքային պարտականությունները կատարել, չթողնել հիվանդներին: Ասացին, որ նման հորդոր է փոխանցել նաև Արա Միխայլովիչը:
Ի պատասխան, ԲԿ ճառագայթային բժշկության բաժանմունքի վարիչը տեղեկացրեց, որ հերթապահներն այս պահին կատարում են իրենց պարտականությունները, ակցիայի մասնակիցներն ավարտել են աշխատանքային օրը, մի մասն էլ տնից են վերադարձել:
Ֆարմանյանը նշեց, որ 2012-2017 թթ. պատգամավոր է ընտրված եղել հենց այս ընտրատարածքից, լավ տեղյակ է ԲԿ գործունեությանը: Նա մտահոգություն հայտնեց, որ ուսումնասիրությունները չավարտած առողջապահության նախարարը սոցիալական ցանցում հայտարարություններ է անում՝ ինչն ապացուցում է, որ այս պարագայում գործ ունեն կամայականությունների հետ:
«Անգամ եթե նախարարը որոշում է, որ հիմա նման որոշում պետք է կայացնի, ի՞նչն է խանգարում նրան, բուժաշխատողներին ներկայացնել նման որոշման հիմնավորումները: Բոլոր նախադրյալները կան ենթադրելու, որ սա ուղղորդված վերաբերմունք է Արա Մինասյանի նկատմամբ, սա ուղղորդված գործունեություն է, որի հետևում ինչ-ինչ հաշվարկներ կան: Թե ինչ հետևանքներ կլինեն, մենք բոլորս կլինենք դրա ականատեսը»,-ասաց Ֆարմանյանը:
Նախարարի հայտարարությունները չարաշահումների մասին, բաժանմունքի վարիչը պոպուլիստական հայտարարություն որակեց, հարցրեց, 8 հազար դրամի շրջանակում ի՞նչ հետազոտություններ կարող են անցկացվել:
«8 հազար դրամի մեջ կարո՞ եք տեղավորվել, ստուգումներ անե՞լ: Ընդունել ենք բոլորին՝ անօթևանին, աղքատին, որևէ մեկին չենք մերժել: Եթե նման բան լինի, սա ապտակ է նախ և առաջ աղքատ բնակչությանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԲԿ դիագնոստիկայի մասնագետ Արման Գրիգորյանը: