Հայաստանն Իրանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես կենսական. Վարդան Ոսկանյան
«Հայ-իրանական հարաբերություններում, կարծես թե, նոր զարգացումներ չեն նկատվում՝ չհաշված ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի սպասվելիք հանդիպումը: Առկա է որոշակիորեն սպասողական իրավիճակ, որը պայմանավորված է ամառային սեզոնով և Հայաստանում քաղաքական փոփոխություններով»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ միաժամանակ հավելելով, որ որքան երկու երկրների ղեկավարների հանդիպումն արագ տեղի ունենա, այնքան լավ:
Պատճառն, ըստ նրա, այն է, որ Իրանում դեռևս լավ չեն պատկերացնում ՀՀ նոր իշխանությունների կուրսը:
«Շփումները պետք է շատ ինտենսիվ լինեն, ընթացքում էլ պետք է աշխատենք հասկանալ իրար: Իրանի դիվանագիտական լեզուն աշխարհում ամենաբարդերից մեկն է: Մյուս կողմից մենք ունենք տեմպերի տարբերություն: Իրանը համոզված է, որ դեռ հազարամյակներ լինելու է այս տարածաշրջանում և առանձնապես չի շտապում, մինչդեռ մենք որոշ հարցերում պետք է ավելի ինտենսիվ շարժվենք՝ չնայած մենք էլ չենք կասկածում, որ դարերով այս տարածաշրջանում ենք լինելու: Բոլոր կողմերը, որոնք փորձում են սահմանափակել հայ-իրանական հարաբերությունները, պետք է հասկանան, որ Հայաստանն Իրանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես կենսական հարաբերություններ»,- ասաց բանախոսը:
Իրանագետի խոսքով, օրակարգում է պահվում նաև Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը. «Եթե այսօր այդ նպատակով գումարներ հնարավոր չի լինում հայթայթել, դա դեռ չի նշանում, որ վաղը նման միջոցներ չեն գտնվի: Միաժամանակ, ակնկալել, որ Իրանը երեք միլիարդ դոլար կտա Հայաստանին՝ իրագործելու Իրան-հայաստան երկաթգիծը, ռեալ չէ: Մենք ինքներս մեզ համար պետք է բարձր ուղենիշներ սահմանենք՝ հասնելու դրանց՝ թեկուզ Սփյուռքի միջոցներով: Շատ կարևոր է նաև Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի այլընտրանքը: Այս ծրագրերը մեզ համար ռազմավարական կարևորություն ունեն, դրանք պետք է հայտարարվեն համահայկական, քանի որ զրոյացնում են ադրբեջանաթուրքական ձգտումը՝ մեկուսացնելու Հայաստանին»:
Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում Իրանի դերակատարությանը, բանախոսն ասաց. «Իրանին ձեռնտու է, որպեսզի իր սահմանի երկայնքով խաղաղ և կայուն իրավիճակ լինի: Այդ երկիրն անհանգստություններ ունի Նախիջևանի կողմից: Իրանցիները շահագրգռված են, որ ռազմական և դիվանագիտական էսկալացիա իր հյուսիսային սահմանին չլինի: Ի տարբերություն Հայաստանի, ուր ներսում իրանական ուժեր չեն գործում, Ադրբեջանում այդպիսի ուժեր աշխատում են»: