«Հրապարակ». Երեքական փոխմարզպետ շատ չէ՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե ընդդիմության կարգավիճակում «Ելք» դաշինքը բարձրաձայնում էր փոխմարզպետների հաստիքների կրճատման անհրաժեշտության մասին՝ համարելով, որ մի մարզում 3 փոխմարզպետի հաստիքն ավելորդ ծախս է, ապա իշխանության գալով՝ բոլորովին այլ մոտեցում է դրսևորում։ Նոր կառավարությունն իր որոշմամբ սահմանել է պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն քանակը, այդ թվում՝ փոխմարզպետների․ եթե նախկինում փոխմարզպետների թիվը սահմանված էր ըստ մարզի մեծության և այլ չափորոշիչների, ապա նոր կառավարության հունիսի 11-ի որոշմամբ հավասարեցվել է. բոլոր մարզերում փոխմարզպետների նույն թիվն է սահմանվել՝ 3, և ներկայումս բոլոր մարզերում 3-ական փոխմարզպետ է նշանակվել։
Բայց մարզերի միջև ահռելի տարբերություններ կան, էլ չենք խոսում այն մասին, որ ամենամեծ մարզում անգամ 2 փոխմարզպետից ավելի նշանակելը մեծ շռայլություն է։ Տարածքային կառավարման նախարարության մամլո խոսնակը մեզ հայտնեց, որ նշված որոշման բովանդակային մասի վերաբերյալ կարծիք հայտնել չի կարող, միայն նշեց, որ մարզպետարանների լիազորությունների և կառուցվածքի փոփոխություն է սպասվում։ Հիշեցնենք, որ 2017-ի բյուջեի քննարկումների ժամանակ Էդմոն Մարուքյանը հորդորում էր նախկին կառավարությանը կրճատել փոխմարզպետների թիվը, ինչին ի պատասխան արձագանքել էին, թե կուսումնասիրեն խնդիրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները