Ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում, որ Ռոբերտ Քոչարյանը քրեական հետապնդման մեջ է. Դավիթ Հարությունյան
«Ես ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում, որ Հանրապետության երկրորդ նախագահը քրեական հետապնդման մեջ է։ Եթե իրավական լուրջ փաստարկներ լինեին, կարծում եմ՝ այդ փաստարկները պետք է ներկայացվաքծ լինեին նաև մամուլի հաղորդագրության մեջ։ Հաղորդագրությունը, սակայն չի պարունակում իրավական տարրեր, ավելին՝ ես այնտեղ տեսնում եմ լուրջ սխալ մեկնաբանություններ՝ և օրենքի, և տերմինաբանության մեջ »,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «ՀՀԿ» խմբակցության անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու փաստին:
Հարությունյանը չցանկացավ մեղադրանք առաջադրելու շուրջ մեկնաբանություններ անել, քանի որ, ըստ նրա, ծանոթ չէ այդ որոշմանը:
«Իսկ իրավական գնահատական տվել եմ այն հաղորդագրությանը, որն օրեր առաջ Միքայել Հարությունյանի հետ կապված հնչել էր մամուլում և գրեթե անփոփոխ հնչել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ կապված։ Այդտեղ ես իրավական հատված չեմ տեսնում: Ինչ է առկա մեղադրանքում՝ չեմ կարող պատասխանել, դրա համար ձեռնպահ կմնամ իրավական գնահատական տալուց»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանը ասածն ավելի պատկերավոր դարձնելու համար նույնիսկ օրինակ բերեց. «Խոսվում է, որ բանակը կարող է օգտագործվել անվտանգության հարցերով, և գոնե ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդ նյութի հեղինակները ենթադրում են, որ ՀՀ անվտանգությունը միմիայն արտաքին սպառնալիքներն են: Իրականում այդպես չէ, բավական է խորանալ իրավունքի մեջ, իմանալ օրենքները, անմիջապես պարզ կդառնա, որ Հայաստանի անվտանգությունն ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին կոմպոնենտ, և նման իրավիճակում թույլատրելի է բանակի օգտագործումը»,- ասաց նա:
Նրա խոսքով, ցանկացած իրավաբանի համար դժվար չէ բացել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որն ընդունվել է, շատ ավելի ուշ՝ 2012 թվականիին, որը ևս հնարավորություն է նախատեսում արտակարգ դրության ժամանակ ԶՈւ–ի օգտագործում:
Նա նշեց, որ այդ օրենքի նախագիծն անցել է Վենետիկի հանձնաժողովի փրձաքննությունը և առարկություն ու մտահոգություն չի առաջացրել, քանի որ նման դրույթ բազմաթիվ երկրներում օգտագործված է:
ՀՀԿ ներկայացուցիչը նաև նկատեց, որպեսզի միանշանակ պնդում լինի, որ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն է եղել, առնվազն պետք է հիմքերը վերհանվեին և ոչ թե սկսեին նախագահից ու նրան մեղադրանք առաջադրեին:
Հարցին՝ նախագահի անձի անձեռնմխելիության խախտում եղե՞լ է, և թե ինչ հիմքերով կարող են Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝ Սահմանադրությունը հստակ նախատեսել է՝ ՀՀ նախագահն ինչպիսի լիազորություններ ունի, և նախատեսել է, թե ինչ գործիքակազմ ունի նախագահը, որպեսզի իր լիազորությունները պատշաճ կյանքի կոչվեն:
«Արտակարգ դրություն հայտարարելը գործիքակազմ է, իսկ ինչո՞ւ է տրված նախագահին այդ գործիքակազմը, որովհետև նա պարտավոր էր ապահովել ՀՀ անվտանգությունը: Լիազորություններից բխող ցանկացած գործողություն չի կարող ենթադրել պատասխանատվություն այդ քայլերի համար, իսկ եթե դրանք չեն բխում նախագահի լիազորություններից, իհարկե, կարող են պատասխանատվության ենթարկել պարտականությունները կատարելուց հետո»,- ասաց նա:
Հարությունյանը համոզմունք հայտնեց , որ նախագահը չպետք է կաշկանդված լինի, հակառակ դեպքում, երբ լարված պահ է, ընդհուպ մինչև պատերազմական իրավիճակում նա կարող է լինել կաշկանդված՝ ենթադրելով, թե ինչ կլինի վաղը՝ իշխանափոխությունից հետո:
«Ինչ վերաբերում է արտակարգ դրություն հայտարարելուն, իմ գնահատականն այսպիսին է, որ իրավիճակն այդ օրերին Երևանի կենտրոնում այնպիսին էր, որ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի»,- ասաց նա:
Իսկ կիսո՞ւմ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն համոզմունքը, որ նրան մեղադրանք է առաջադրվել քաղաքական գործընթացներից հեռացնելու նպատակով, Դավիթ Հարությունյանն ասաց՝ դա քաղաքական գնահատական է:
«Նման ինչ-որ տենդենց կարող է նշմարվել. խոսքը վերաբերում է ոչ միայն Քոչարյանին, այլև ռազմական գործիչներին, որոնք երկար տարիներ հստակ և աներկբա դիրքորոշում են ունեցել մեր և Ադրբեջանի հարաբերությունների հարցում, ինչ-որ տենդենց տեսնում եմ, որ հենց այդ մարդկանց է մեղադրանք առաջադրվում: Այնպես որ որոշ մտահոգություններ այդ առումով ես ունեմ»,- ասաց նա՝ նշելով, որ ավելի ուշ ՀՀԿ-ն կանդրադառնա Ռոբերտ Քոչարյանի հարցին:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյան. Փորձում են կասեցնել իմ մասնակցությունը ապագա ընտրություններին
- Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում
- Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
- Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է
- ՀՔԾ-ում սպասում են Ռոբերտ Քոչարյանին
- ՀՔԾ պետը չի կոնկրետացնում Ռոբերտ Քոչարյանին հարցաքննող քննիչի անունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան