Ընտրագրավի դրույքաչափերը պետք է նվազեցվեն. Սերգեյ Բագրատյան
«ԱԺ ընտրություններին ընտրագրավի դրույքաչափի նվազեցումը պետք է լինի մինչև 5 մլն դրամ»,- այսօր խորհրդարանում ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հիշեցնելով, որ իր համար անչափ կարևոր այս առաջարկը պատկանում է արտախորհրդարանական «Ժառանգություն» կուսակցությանը։
«2-րդ առաջարկն անմիջապես ԱԺ-ին չի վերաբերում, բայց շատ կարևոր է, քանի որ առաջարկվում է, որ համայնքի ղեկավարը 2 անգամ անընդմեջ պաշտոնի ստանձնման հնարավորություն չունենա: Ես սա շատ եմ կարևորում։ Տարիներ շարունակ փաստացի ունեցել ենք, որ 20-30-40 տարի համայնքապետեր են աշխատում, ինչն անթույլատրելի է։ Դա լճացման կարևորագույն նախապայման է»,- ներկայացրեց Սերգեյ Բագրատյանը:
ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ հավելեց, թե ինքը հատկապես կողմ է համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված առաջարկին:
«Պետք է ամրագրվի «2 անգամ անընդմեջ» արտահայտությունը: Ըստ էության՝ չեմ առարկում առաջարկությանը, բայց փորձենք նայել թեզը համայնքների խոշորացման տեսակետից: Այդ պարագայում ՏԻՄ ընտրություններում համամասնական համակարգն է ներդրվում, իսկ այս դեպքում այդ թեզը չի աշխատի»,- նշեց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է ընտրագրավի չափի նվազեցմանը, Դավիթ Հարությունյանը նշեց, որ ընտրագրավի մի մասն օգտագործվում է ԿԸՀ-ի կարիքների համար, իսկ նվազեցումը դժվար դրության մեջ կդնի այդ կառույցին։ Նա առաջարկեց խնդրը լուծել երկուստեք:
«Պայմանական, եթե գրավն իջեցնում ենք 25 տոկոսով, բարձրացնենք տոկոսը, որը պետք է տրվի ԿԸՀ-ին, որ չհայտնվեն ավելի վատ վիճակում, քան հիմա են»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը:
ՀՀԿ-ական գործչի այս առաջարկն ընդունվեց։