Ռուբեն Սահակյան. Քննչական մարմնի կողմից հապճեպություն եմ տեսնում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի այսօր՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած դատական նիստում որոշում չկայացվեց: Դատական նիստը հետաձգվեց:
Դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ քննչական մարմնի կողմից շտապողականություն է տեսնում:
«Իհարկե, հապճեպություն եմ տեսնում: Դատարանին խնդրում եմ մարդկային վերաբերմունք ցուցաբերել մեր նկատմամբ: Ես դուրս եմ եկել Հատուկ քննչականից ժամը 18-ի սահմաններում, ինձ տվել են 136 էջ, բերել եմ տուն, էն հույսով, որ մի քիչ հանգստանամ, քանի որ ձերբակալված չէ, ծանոթանամ, կարողանամ գալ ներկայացնել: Եվ հանկարծ 9:35 ինձ տալիս են ծանուցագիր, որ ժամը 10-ին ներկայանամ դատական նիստի, 9:35-ին դրան ավելացավ ևս 10 էջ: Ես ե՞րբ հասցանեմ ծանոթանալ, որ առարկություններս ներկայացնեմ, մի՞թե սա հապճեպություն չէ, ե՞րբ հասցնեմ, թող կալանավորեն Ռոբերտ Քոչարյանին»,-ասել էր փաստաբանը:
Հարցին, թե փաստաբանը տեսնում է քրեական հետապնդման հիմքեր, Սահակյանը պատասխանեց. «Ոչ չեմ տեսնում ընդհանրապես հիմքեր, ականաջներից ձգված հիմնավորումներ են»:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում ու վենդետա է իրականացվում, մեղադրանքը համարում է շինծու, իրականությունից կտրված:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Փորձում են կասեցնել իմ մասնակցությունը ապագա ընտրություններին
- Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում
- Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
- Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է