Սա էլ էլ հո կոշիկի արտադրություն չէ, ՀՆԱ-ի տոկոսի աճ չէ. Սպարտակ Սեյրանյան
«Եթե հաջորդ ընտրությունների համար ամրագրենք կանանց քվոտաների 40-60 հարաբերակցությունը, ապա դա քաղաքական կուսակցություններին հնարավորություն կտա պատրաստել կին լիդերներ, կին օրենսդիրներ»,- ԸՕ քննարկումների ժամանակ խորհրդարանում այսօր ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ դեմ է այս առաջարկին։ Նրա խոսքով՝ իմաստ չունի այսօր ամրագրել մի դրույթ, որը ուժի մեջ է մտնելու 5 տարի հետո:
«Որևէ մեկը երաշխիք չի կարող տալ, որ հաջորդ ընտրությունները կարող են լինել 2022 թվականին, կարող է լինեն, օրինակ, 2020 թվականին։
Այս հարցին իմաստ ունի անդրադառնալ հաջորդ ընտրություններին: Չամրագրենք մի դրույթ, որը վերաբերելու է 6 տարի հետո եկող խորհրդարանին։ Քաղաքական ուժերը չեն կարող պլանավորել, սա էլ հո կոշիկի արտադրություն չէ, ՀՆԱ-ի տոկոսի աճ չէ՞: Պետք է դիտարկենք քաղաքական գործընթացը, իսկ օրենքը պետք է արձագանքի հասարակության մեջ տեղի ունեցող միտումներին: Այսօր մենք ամրագրում ենք դրույթ, որը 5-6 տարի հետո ընտրություններին է վերաբերելու»,- ասաց Սեյրանյանը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր հերթին նկատեց, որ կուսակցությունները պետք է կարողանան պլանավորել իրենց գործունեությունը դեռևս մի քանի տարի առաջ՝ իմանալով ապագայում իրենց ինչ է սպասվում:
«Պետք է պլանավորեն, ստեղծեն պայմաններ, որ մարդիկ 5 տարի հետո պատրաստ լինեն առաջադրվելու, որ վերջին օրով մարդ ման չգան»,- ասաց նա։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր աջակցությունը հայտնեց Լենա Նազարյանին՝ շեշտելով, որ առաջիկա ընտրություններում կանանց քվոտայի ավելացման պլանավորումը խթան կլինի կին գործիչների համար:
«Եթե մենք ամրագրենք, որ հաջորդ ընտրություններին 40-60 հարաբերակցությամբ է լինելու կանանց քվոտան, ապա դա կապահովի ճիշտ, գրագետ սերնդափոխություն, լիդեր կանանց կպատրաստեն քաղաքական ու օրենսդիր աշխատանքի համար»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: