ՀՀԿ ԳՄ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն
Հայաստանի Հանրապետական Գործադիր մարմինը տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է ՀՀ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքին: ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։
Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։
Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հարված` լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին։ Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը։
Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին գերագույն գլխավոր հրամանատարին և արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ»:
Նշենք, որ նման հայտարարությամբ հանդես է եկել նաև ՀՅԴ ԳՄ-ն:
Հարակից հրապարակումներ`
- Ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում, որ Ռոբերտ Քոչարյանը քրեական հետապնդման մեջ է. Դավիթ Հարությունյան
- ՀՅԴ ԳՄ. Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է
- Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյան. Փորձում են կասեցնել իմ մասնակցությունը ապագա ընտրություններին
- Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան