Փաշինյան. Գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի ԵՏՄ երկրների միջև տնտեսական համագործակցությանը
Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերի։
Քննարկվել են նաև Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծմանն ու գազի ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված հարցեր: Խորհուրդը որոշել է ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կոոպերացիայի ոլորտում ինտեգրացիոն համագործակցության և արդյունաբերության գերակա ճյուղերում ներմուծման փոխարինման հարցերով:
«Վստահ եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը թույլ կտա հետագայում, հաշվի առնելով մեր երկրների առանձնահատկությունները, ապահովել Եվրասիական տնտեսական միության մարմինների կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները,- նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում:
Հայաստանի կառավարության ղեկավարը կարճ անդրադարձել է այսօրվա նիստի որոշ հարցերին: Նա ընդգծել է, որ թվային օրակարգի առաջխաղացումը գերակա է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ ԵԱՏՄ-ի համար:
«Այս ուղղությամբ համատեղ ջանքերը կոչված են ապահովել կառավարման պետական համակարգի արդյունավետ կենսագործունեությունը, պետական ծառայությունների տրամադրման նոր մակարդակ, ինչը, վերջնական արդյունքում, կապահովի ավելի բարենպաստ պայմաններ Միության շրջանակներում հայտարարված չորս ազատության աստիճաններին հասնելու համար»,-ասել է Փաշինյանը:
Այս համատեքստում նա խիստ օգտակար է համարել անդամ երկրների կուտակած փորձի փոխանակումը պետության գործունեության թվային վերափոխման ոլորտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով պետական կառավարման կառուցվածքի տեղեկատվայնացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն ու անդրսահմանային գործընթացներին:
«Օրինակ, Հայաստանում արդեն ձևավորվել է Թվային օրակարգի տեսլականը, որի շրջանակներում հաշվի են առնվում ԵԱՏՄ հետ ներդաշնակեցման գործընթացները: Մասնավորապես, դա վերաբերում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են ապրանքների շարժին հետևելու հնարավորությունը, միասնական թվային հարթակ-շուկաների ձևավորումը և այլն: Թվային օրակարգի շրջանակներում մենք պլանավորում ենք 2025թ-ին հասնել այնպիսի առանցքային ցուցանիշների, ինչպիսիք են ծառայությունների մատուցման ոլորտում պետական հատվածի ծախսերի կրկնակի կրճատումը, քաղաքացիների կողմից էլեկտրոնային տարբերակով պետական ծառայությունների օգտագործման 80, իսկ բիզնեսի համար՝ 100 տոկոսանոց մակարդակի ապահովումը, բնակչության 80 տոկոսի համար լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը և այլն»,-իր ելույթում ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով այս տարվա հոկտեմբերի 22-24-ը Երևանում նախատեսված «Եվրասիական շաբաթ» ամենամյա ֆորումի նախապատրաստական աշխատանքներին, շրջանակում, որը կայանալու է Երևանում այս տարվա հոկտեմբերի 22-24-ին, Փաշինյանը նշել է, որ նախատեսված է «Եվրասիական թվային հարթակներ» ինովացիոն նախագծերի միջազգային մրցույթը, որի մասնակիցների թիվն այս պահին մոտ հասնում է 300-ի:
«Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերը, այլև փոխգործակցության ավանդական ուղղությունները: Առաջին հերթին դրանք այն ուղղություններն են, որոնցով պետք է դուրս գալ միասնական շուկաներ:
Կարծում ենք, որ գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի երկրների միջև տնտեսական համագործակցությանը, կբարձրացնի անդամ երկրների ինտեգրման մակարդակն ու մրցունակությունը, սպառողների գազամատակարարման հուսալիության, հասանելիության ու որակի մակարդակը, կնպաստի Միությունում բարեխիղճ մրցակցության զարգացմանը, դրական ազդեցություն կունենա գնագոյացման համար»,-ասել է նա:
Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծման առումով կառավարության ղեկավարը նշել է, որ մասնագիտական գնահատականների համաձայն այս հարցի ներդաշնակեցումը կարող է ավարտվել արդեն այս տարի:
«Դրա հետ կապված կարևոր է կողմնորոշվել՝ բացառելու համար այն, որ նոր ձևավորվող մարմինն իր գործառույթներով կրկնօրինակի Միջազգային ավիացիոն կոմիտեի գործառույթները»,-ասել է Հայաստանի վարչապետը:
Ելույթի վերջում նա հույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն ԵԱՏՄ արդյունավետության բարձրացմանն ու մեր երկրների հետևողական զարգացմանը:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թվականի աշնանը՝ Բելառուսում:
Հարակից հրապարակումներ`
- Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով
- Քիչ անց կմեկնարկի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
- Հակահեղափոխություն չի լինելու. ՀՀ վարչապետը երաշխավորել է Պետերբուրգի հայ գործարարներին
- Մեկնարկեց Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան