Փաստաբան. Խաչատուրովին չի պարզաբանվել մեղադրանքի բնույթն ու հիմքերը
Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը կքննի ժամը 18-ին, նիստը հետաձգվել է: Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանում աշխատող լրագրողներին հայտնեց, որ նիստն ընդմիջվել է մեղադրանքին ծանոթանալու, ինչպես նաև պաշտպանության իրավունքը պաշտպանելու համար:
«Մինչ այս պահը իմ պաշտպանյալին չի պարզաբանվել մեղադրանքի բնույթն ու հիմքերը: Իր համար անհասկանալի է, թե ինչում է մեղադրվում: Դրանից հետո միայն կկարողանամ հարցերին պատասխանել ու մեկնաբանություն տալ»,-ասաց նա:
Նա նշեց, որ հոդվածը, որին հղում է արել ՀՔԾ-ն, ուժի մեջ է մտել 2009-ի մարտին:
«Դիրքորոշում ունեմ, որն այս պահին չեմ ասի, կներկայացնեմ դատարանում»,-ասաց Մ. Պողոսյանը:
Փաստաբանն ասաց, որ այսօրվա ընթացքում Խաչատուրովի գործով երկու նիստ է տեղի ունեցել, 11:30-ի նիստին իր պաշտպանյալը ներկա չի եղել, քանի որ ծանուցված չի եղել, իսկ ժամը 15-ի նիստին ներկայացել է:
Նշենք, որ Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց այսօր:Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրովը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը
- Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
- Քոչարյանն ու Խաչատուրովը ՀՔԾ-ում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան