«Հրապարակ». «Չենք ընդունում անհիմն ազատումը». «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ աշխատակիցներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ տնօրեն Արա Մինասյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացել է, որ իրեն ազատել են ԲԿ տնօրենի պաշտոնից։ Արսեն Թորոսյանը գրել է․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ տնօրենն ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։ Նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։ Մանրամասները՝ հաջորդիվ»:
Նախարարի որոշումը երեկ փոթորիկ էր առաջացրել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ աշխատակիցները բողոքի ակցիաներ էին սկսել տնօրենի ազատման դեմ։ Նրանք ցույց էին կազմակերպել հիվանդանոցի մոտ։ «Մենք չենք ընդունում անհիմն ազատումը։ Չկան ապացույցներ, որ նա չարաշահումներ է թույլ տվել։ Մեզ ցույց են տվել մեր տնօրենի ազատման հրամանը։ Չարաշահում չկա մեր հիվանդանոցում, մեզ չեն ներկայացրել ապացույցներ, օֆիցիալ փաստաթուղթ չեն ներկայացրել»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատակիցներից Գայանե Նանյանը։
Նա տեղեկացրեց, որ իրենք իրենց բողոքը հայտնելու համար ուղևորվելու են դեպի վարչապետի նստավայր։ Բժշկական կենտրոնում 1700 աշխատակից կա։ Մեր հարցին, թե կա՞ն մարդիկ, որոնք չեն միանա այդ ցույցին, Գայանեն արձագանքեց․ «Այն մարդիկ միայն, որոնք հիվանդների կողքին են, նրանց վիրահատում են կամ բուժում։ Մենք, բնականաբար, հիվանդներին չենք կարող թողնել վատ վիճակում»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան