«Խնդրում եմ՝ դադարեցրե՛ք բողոքի գործությունները». Արա Մինասյանը՝ գործընկերներին
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Մինասյանը դիմել է բուժկենտրոնի աշխատակիցներին՝ կոչ անելով հրաժարվել վաղը հանրահավաք անելու ծրագրից:
Հիշեցնենք, այսօր մի քանի ժամ լարված իրավիճակ էր հիվանդանոցի տարածքում, բուժանձնակազմը փակել էր ճանապարհն ու բողոքի ակցիա իրականացել՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջելով չեղարկել Մինասյանին աշխատանքից ազատման հրամանը:
Արա Մինասյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի գործընկերներ,
Ձեզ դիմում եմ խնդրանքով. խնդրում եմ դադարեցրե՛ք բողոքի գործությունները, մի՛ տրվեք էմոցիաներին, վերադարձեց աշխատանքի և ապահովեք բուժկենտրոնի բնականոն աշխատանքը:
Մեզ հազարավոր հիվանդներ են սպասում, որոնք չպետք է տուժեն մեր շուրջ ստեղծված իրավիճակից:
Սիրելի ընկերներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ պատրաստվում եմ կապ հաստատել վարչապետի աշխատակազմի հետ՝ խնդրելով, որպեսզի հնարավորության դեպքում վարչապետը ժամանակ գտնի ինձ ընդունելու:
Ես ցանկանում եմ հանդիպել վարչապետին և ներկայացնել իրերի դասավորությունը, ներկայացնել, այսպես կոչված, չարաշահումների վերաբերյալ մեր դիրքորոշումը: Ես խնդրելու եմ վարչապետ Փաշինյանին հնարավորություն տալ երկու ամսով հետաձգել ինձ աշխատանքից ազատելու նախարարի որոշումը, որպեսզի կարողանամ հիվանդանոցի գործող ղեկավարի կարգավիճակում պարզաբանել ինձ ու բուժանձնակազմին վերագրվող մեղադրանքները: Խնդրի պարզաբանում-հանգուցալուծումից հետո երկու ամսից ես ինքս վայր կդնեմ տնօրենի լիազորությունները:
Եթե հանդիպելու հնարավորություն, այնուամենայնիվ, չստեղծվի, ես դա էլ կընկալեմ:
Կմնա միայն դատական կարգով իմ կոլեկտիվի բարի համբավն ու պատիվը վերականգնելու միակ տարբերակը:
Անկեղծորեն շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին տարիների նվիրումի ու տքնաջան աշխատանքի համար: Մենք երկար ու բարդ ճանապարհ ենք անցել միասին: Եվ այդ ճանապարհը թանկ է ինձ համար:
Անկախ դեպքերի հետագա ընթացքից, միշտ ձեր կողքին եմ լինելու և ուժերիս ներածին չափով անելու եմ ամեն բան արդարության հաստատման համար:
Հուսով եմ՝ խնդրանքս չեք մերժի և վաղվանից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ը կաշխատի առանց ընդմիջումների»: