Ինչու է Իտալիայի նախագահը Հայաստան ժամանում դստեր ուղեկցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկրօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ:
Նշենք, որ Իտալիայի նախագահի կինը մահացել է 2012-ին: Իտալիայի օրենսդրության համաձայն, նախագահի տիկնոջ մահից հետո առաջին տիկին է համարվում նրա ավագ դուստրը: Այպիսոսվ, Լաուրա Մատարելան Իտալիայի առաջին տիկինն է:
ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք:
Նույն օրը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական աարարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելայի առանձնազրույցը, այնուհետեւ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Նախագահներ Սարգսյանն ու Մատարելան հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա հայ-իտալակամ մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը: