Հայաստանը կարող է միշտ հույս դնել Իտալիայի վրա. Սերջիո Մատարելա
«Հայ-իտալական երկկողմ հարաբերությունները պատմական են»,- ՀՀ նախագահի նստավայրում Արմեն Սարգսյանի հետ առաձնազրույցից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց պետական այցով Երևանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան՝ գոհունակություն հայտնելով տեղի ունեցած զրույցից։
Նա շեշտեց, Հայաստանն ու Իտալիան բարեկամ երկրներ են, օրինակ բերելով երկու երկրների զինվորները Լիբանանում միմյանց հետ համագործակցում են՝ պահպանելու խաղաղությունը։
«Մենք շատ գոհ ենք, որ հասել ենք համագործակցության այս մակարդակին։ Վաղը ցուցահանդես է ներկայացված լինելու Հայաստանում՝ ցույց տալու մեր մշակութային կապը: Շատ ուրախ ենք, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս դրսևորել մեր բարեկամությունը: Հուսով եմ, որ մշակութային այս կենտրոնն անպայման կամրապնդի մեր մշակութային հարաբերությունները, Հայաստանին կօգնի պահպանել իր պատմական ժառանգությունը»,- ասաց Մատարելան:
Նա հայտնեց, որ իտալացի ուսուցիչ է գալու Հայաստան՝ դպրոցում դասավանդելու համար. «Համաձայնության փաստաթուղթ է ստորագրվել Իտալիայի և Հայաստանի կրթության նախարարությունների միջև: Գիտական համագործակցությունը շատ կարևոր է, դրա զարգացումը ևս: Մենք համագործակցություն կունենանք աստղաֆիզիկայի ոլորտում, տարբեր համալսարանների գիտահետազոտական աշխատողների փորձի փոխանակում տեղի կունենա, հարաբերություններ կզարգանան տնտեսական, առևտրային ոլորտներում: Որոշ ընկերություններ արդեն աշխատում են Հայաստանում, որոշներն էլ դեռ պետք է գան»։
Իտալիայի նախագահն անդրադարձավ Արցախի հարցին, նշելով, որ Արմեն Սարգսյանի հետ զրուցել են այս հարցի կարգավորման մասին:
«Իտալիան անպայման կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ լինելով ԵԱՀԿ նախագահող երկիր: Մենք կանենք ամեն ինչ, որ մեկնարկեն խաղաղ բանակցություններ, կգտնենք քաղաքական, ոչ թե ռազմական լուծման ճանապարհներ, որոնք հիմնված կլինեն Մինսկի խմբի սկզբունքների վրա»,- ասաց Սերջիո Մատարելան:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համաձայնագրին՝ նա հավելեց, որ փաստաթուղթը կօգնի երկու երկրներին խորացնել համագործակցությունը: «Ես խոսեցի պարոն Սարգսյանի հետ, որ այս պայմանագրի վավերացումը պետք է տեղի ունենա շատ արագ: Հայաստանը կարող է միշտ հույս դնել Իտալիայի աջակցության և բարեկամության վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Այս այցը ամուր հիմքեր կստեղծի մեր համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար. ՀՀ նախագահ
- Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
- Իտալիայի նախագահը ժամանեց Երևան
- Ինչու է Իտալիայի նախագահը Հայաստան ժամանում դստեր ուղեկցությամբ