Այս այցը ամուր հիմքեր կստեղծի մեր համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար. ՀՀ նախագահ
«Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ հանդիպման ժամանակ բովանդակալից քննարկում ունեցանք հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ»,-այսօր ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի և Իտալիայի նախագահների առանձնազրույցից հետո լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նա նշեց, որ հանդիպմանը վերահաստատել են միջպետական հարաբերություններն ամրապնդելու իրենց հանձնառությունը, համաձայնել են, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-իտալական գործակցությանը նոր, դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ, ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում՝ նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում։
«Առանձնազրույցի ժամանակ արձանագրեցինք՝ Իտալիան ընթացիկ տարում կշարունակի աջակցել Արցախի հիմնահարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափին։ Հույս հայտնեցինք, որ Իտալիան շուտով կվավերացնի ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կարևորեցինք նաև երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի լիարժեք օգտագործումը, որն ընդգրկում է երեք տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ։ Արձանագրեցինք տնտեսական, գործարար, մշակութային և գիտակրթական կապերի ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդկային շփումների կարևությունը։ Կարևորելով մշակութային ժառանգության պահպանության հարցը՝ մեր համագործակցությունը էլ ավելի մեծ թափ կստանա Երևանում հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի բացումով վաղը»,- մանրամասնեց Արմեն Սարգսյանը։
Նա վստահություն հայտնեց, որ Իտալիայի նախագահի պետական այցը ամուր հիմքեր կստեղծի հայ-իտալական քաղաքական երկխոսությունը և բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
- Իտալիայի նախագահը ժամանեց Երևան
- Ինչու է Իտալիայի նախագահը Հայաստան ժամանում դստեր ուղեկցությամբ