Մոսկվայում հարազատ աղջիկները սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին
Մոսկվայում երեք քույր սպանել են իրենց հարազատ հորը, ով երկար ժամանակ խոշտանգել է նրանց։ kp.ru կայքը պատմում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկում։ Բնակարանում 4 հոգի է ապրել՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը և նրա՝ 17,18 և 19-ամյա դուստրերը։ Միխայիլի կինը հեռացել է տնից և ամուսինը նրան թույլ չի տվել հանդիպել աղջիկների հետ։ Միխայիլը նաև որդի ունի, որը ևս հեռացել է տնից ու վարձով է ապրում։ Պարզվում է, այդ ամենը պատահական չէ. Խաչատուրյանը շատ դաժան հայր է եղել։ Դուստրերից ոչ մեկը չի կարողացել առանց նրա իմացության անգամ փողոց դուրս գալ, փոքր առիթի դեպքում հայրը գործի է դրել բռունցքները։ Ծանոթները աղջիկների ձեռքերին հաճախ կապտուկներ են նկատել։
Հուլիսի 27-ին աղջիկների համբերությունը սպառվել է։ Հերթական վեճի պահին աղջիկներից մեկը դանակով մի քանի անգամ հարվածել է հորը։ Հայրը արնաքամ լինելով՝ կարողացել է վնասել դուստրերից մեկին։ Սակայն քույրերը միավորվելով՝ գործը հասցրել են ավարտին։ Միխայիլ Խաչատուրյանը բազմաթիվ կտրած-ծակած վերքերից մահացել է։
Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ հարցաքննության ժամանակ աղջիկներն ընդունել են մեղքը և պարզաբանել, որ հոր հետ թշնամական հարաբերություններ են եղել, քանի որ վերջինս երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Նախնական տվյալներով, խոսքը ոչ միայն ծեծի, այլև սեռական բռնության մասին է։ Ընտանիքի ծանոթներից մեկը պատմել է, որ քույրերն իրենց շատ համեստ են պահել։ Եվ դժվար է հավատալ, որ ունակ են սպանության, ամենայն հավանականությամբ, նրանց հասցրել են հուսահատության, եթե հաշվի առնեն, որ Միխայիլը նաև թմրամիջոցներ է օգտագործել։ Քույրերը ձերբակալված են, սպանություն հոդվածով քրեական գործ է հարուցվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին