ԱԳՆ խոսնակ. Խաչատուրովը շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում
Հայաստանը տրամադրված է, որ որևիցե քայլ չպետք է անի, որից կտուժի ՀԱՊԿ հեղինակությունը: Լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա ասաց՝ Հայաստանը շահագրգռված է, որ ՀԱՊԿ-ը շարունակի իր բնականոն աշխատանքը, որի մասին տեղեկացրել է թե հրապարակային, թե գործընկերների հետ շփումներում:
«Մեր քայլերն ամբողջությամբ համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին»,-ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ հիշեցնելով, որ ԱԳՆ-ն կազմակերպության գործընկեր երկրներին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ ինտենսիվ քննարկումները շարունակվում են:
«Մեր ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում նպաստել է միայն այդ կառույցի ուժեղացմանը, ընդհանրապես նայեք ՀԱՊԿ-ում մեր վերջին նախագահությունները, կարևորագույն փաստաթղթերը ՀԱՊԿ-ում ընդունվել են հենց մեր նախագահությունների օրոք: Օրինակ ՀԱՊԿ զարգացման հայեցակարգն ընդունվեց հենց մեր նախագահության օրոք՝ 2016 թվականին Երևանում: Նախորդ նախագահության օրոք՝ 2009-ին ընդունվեց ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասին համաձայնագիրը, որն էլ մեր նախաձեռնությամբ էր»,-ասաց Տ. Բալայանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ով պետք է փոխարինի Խաչատուրովին, ԱԳՆ խոսնակը հիշեցրեց՝ Յուրի Խաչատուրովը դեռևս այդ կազմակերպության գլխավոր քարտուղարն է:
«Քանի ՀԱՊԿ խորհուրդը որոշում չի կայացրել նրան փոխարինելու վերաբերյալ, ինքը շարունակում է մնալ այդ պաշտոնին: Փոփոխման գործընթացը, որ մենք առաջարկել ենք սկսել, ընթացող քննարկումները, դեռ չեն նշանակում, որ պարոն Խաչատուրովն ազատված է այդ պաշտոնից: Նա շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար այսօր ևս»,-ասաց Տ. Բալայանը:
Ինչ վերաբերում է Խաչատուրովին հայաստանցի մեկ այլ պաշտոնյայով փոխարինելու հնարավորությանը, նախարարության ներկայացուցիչն ասաց, թե ով, ինչպես ու ինչ ժամանակահատվածում կփոխարինի Խաչատուրովին, դա արդեն քննարկումների ու կոնսենսունսով կայացվելիք հարց է:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել: Դատարանի որոշմամբ նրա նկատմամաբ այլընտրանքային խափանման միջոց ընտրվել՝ 5 մլն դրամ գրավի դիմաց նա ազատության մեջ է:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը ՀԱՊԿ հարցի շուրջ զրուցել է Բելառուսի ԱԳ նախարարի հետ
- ՌԴ ԱԳՆ. Հայկական կողմը պետք է հետ կանչի իր քաղաքացուն ՀԱՊԿ-ից
- Հայաստանը ՀԱՊԿ պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց
- Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել
- Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց
- ՀԱՊԿ-ը Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին տեղեկատվության չի տիրապտում. Վլադիմիր Զայնետդինով
- Փաստաբան. Խաչատուրովին չի պարզաբանվել մեղադրանքի բնույթն ու հիմքերը
- Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
- Քոչարյանն ու Խաչատուրովը ՀՔԾ-ում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան