Զեկույց. Հայաստանում ծնվելուց հետո կյանքի առաջին ժամում կրծքով կերակրվում է յուրաքանչյուր 10-ը նորածնից 4-ը
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր զեկույցում տեղ գտած գնահատականների, 78 միլիոն երեխա, այն է՝ յուրաքանչյուր 5-ից 3-ը կրծքով չի կերակրվում կյանքի առաջին ժամվա ընթացքում, ինչը բարձրացնում է մահվան և հիվանդությունների նկատմամբ վտանգը, ինչպես նաև՝ մեծացնում կրծքով չկերակրվելու հավանականությունը: Այս երեխաների մեծամասնությունը ծնվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
ՄԱԿ հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ, զեկույցում նշվում է, որ ծնվելուց հետո կյանքի առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրվող նորածինները շատ ավելի հավանական է, որ կապրեն: Ծնվելու պահից կրծքով կերակրելը նույնիսկ մի քանի ժամ ուշացնելը կարող է վտանգել կյանքը: Մաշկը մաշկին շփումը կուրծք տալու հետ միասին, նպաստում է մոր կաթնարտադրությանը, այդ թվում՝ կաթնախեժի՝ երեխայի առաջին «պատվաստանյութի», որը չափազանց հարուստ է սննդարար նյութերով և հակամարմիններով:
«Երբ խոսքը վերաբերում է կրծքով կերակրման մեկնարկին, ժամանակը հաշվի առնելն ամեն ինչ է: Շատ երկրներում, այն կարող է նույնիսկ կյանքի ու մահվան հարց լինել», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore): «Այնուամենայնիվ, ամեն տարի, միլիոնավոր նորածիններ զրկվում են վաղ կրծքով կերակրման օգուտներից, իսկ պատճառները, շատ հաճախ, փոփոխման ենթակա են: Մայրերը կրծքով կերակրելու համար պարզապես բավականաչափ աջակցություն չեն ստանում երեխայի ծնունդին հաջորդող վճռական րոպեների ընթացքում, նույնիսկ՝ առողջապահական հաստատություններում բուժանձնակազմի կողմից»,-նշում են զեկույցի հեղինակները:
Կյանքի առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրման ցուցանիշները ամենաբարձրը Արևելյան և Հարավային Աֆրիկայում են՝ 65 տոկոս, իսկ ամենացածրը՝ Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում՝ 32 տոկոս: Բուրունդիում, Շրի Լանկայում, Վանուատույում կյանքի առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրվում է յուրաքանչյուր 10 նորածնից գրեթե 9-ը: Դրան հակառակ՝ Ադրբեջանում, Չադում և Մոնտենեգրոյում յուրաքանչյուր 10 նորածնից միայն 2-ն է կրծքով կերակրվում:
«Կրծքով կերակրումը երեխաների համար կյանքում լավագույն սկիզբ է ապահովում», նշել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը (Tedros Adhanom Ghebreyesus): «Մենք անհապաղ պետք է մեծացնենք մայրերին տրվող աջակցությունը՝ լինի դա աջակցություն ընտանիքի անդամների, բուժաշխատողների, գործատուների, թե՝ կառավարության կողմից, որպեսզի նրանք կարողանան իրենց փոքրիկների համար կյանքի արժանի սկիզբ ապահովել»:
«Ֆիքսի՛ր պահը» զեկույցում, որտեղ ներկայացված են 76 երկրի տվյալներ, նշվում է, որ չնայած կրծքով կերակրումը վաղ տարիքից սկսելու կարևորությանը՝ չափազանց շատ նորածիններ տարբեր պարճառներով երկար են սպասում կրծքով կերակրվելուն:
Հիմնական պատճառներն են՝
Նորածինները կերակրվում են այլ սնունդով, ըմպելիքներով, ինչպես նաև՝ կաթնախառնուրդով: Տարածված թյուր կարծիքներն ու սովորույթները, թե՝ կաթնախեժը վնասակար է, մեծահասակների կողմից նորածնին մեղր տալը, բժիշկների կողից՝շաքարավազ, ջուր և կաթնախառնուրդ պարունակող հատուկ հեղուկներ, հետաձգում են մոր և նորածնի ամենակարևոր առաջին շփումը:
Կեսարյան հատումներով ծննդաբերությունների քանակի աճը: Եգիպտոսում կրկնակի աճել է կեսարյան հատումով ծննդաբերությունների քանակը՝ 2014-ին 2005-ի համեմատ՝ 20 տոկոսից աճելով մինչև 52 տոկոս: Նույն ժամանակահատվածում կրծքով վաղ կերակրումը նվազել է 40 տոկոսից մինչև 27 տոկոս: 51 երկրում իրականացված հետազոտությունը փաստում է, որ կրծքով կերակրումը վաղ սկսելու ցուցանիշները շատ ցածր են կեսարյան հատումով լույս աշխարհ եկած նորածինների շրջանում: Եգիպտոսում կեսարյան հատումով լույս աշխարհ եկած նորածինների միայն 19 տոկոսն է կրծքով կերակրվել ծնվելուց հետո առաջին մեկ ժամվա ընթացքում՝ բնական ճանապարհով լույս աշխարհ եկած նորածինների 39 տոկոսի համեմատ:
Մայրերին ու նորածիններին տրամադրվող որակյալ խնամքի բացերը: Զեկույցը փաստում է, որ ծննդաբերության ժամանակ հմուտ բուժաշխատողի ներկայությունն իրականում այդքան էլ չի ազդում կրծքով կերակրումը վաղ սկսելու վրա: 58 երկրում 2005-2017 թթ-ին ծննդաբերությունների թիվն աճել է 18 տոկոսով, սակայն կրծով կերակրումը վաղ սկսելը՝ միայն 6 տոկսով: Շատ դեպքերում, նորածիններին մեկուսացնում են իրենց մայրիկներից անմիջապես ծնվելուց հետո, իսկ բուժաշխատողի վերահսկողությունը սահմանափակվում է: Սակայն օրինակ Սերբիայում, շնորհիվ ծննդաբերության ժամանակ մայրիկներին տրամադրվող որակյալ խնամքի, 2010-2014 թթ-ի ընթացքում կրծքով վաղ կերակրման ցուցանիշն աճել է 43 տոկոսով:
Ավելի վաղ իրականացված հետազոտությունները փաստում են՝ ծնվելուց հետո ոչ թե 1 այլ 2-23 ժամվա ընթացքում կրծքով կերակրվող նորածինների շրջանում 33 տոկոսով մեծանում է հավանականությունը, որ նրանք չեն ապրի: Կրծքով ավելի ուշ՝ մեկ օր հետո, կերակրվող նորածինների շրջանում վտանգը կրկնակի ավելի մեծ է:
Զեկույցում կոչ է արվում կառավարություններին, դոնորներին և այլ որոշում կայացնողներին իրավական խիստ որոշումներ ընդունել և սահմանափակել կաթնախառնուրդի և կրծքի կաթի այլ փոխարինիչների գովազդները:
ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ղեկավարվող Կրծով կերակրման գլոբալ դաշինքը հրապարակել են կրծքով կերակրման 2018-ի գլոբալ ցուցանիշները, որոնք գրանցում են կրծքով կերակրումը խթանող քաղաքականության և ծրագրերի առաջընթացը: Դրա միջոցով նրանք քաջալերում են երկրներին ստեղծել և զարգացնել այնպիսի ծրագրեր ու քաղաքականություն, որոնք կօգնեն բոլոր մայրերին սկսել կրծքով կերակրել լույս աշխարհ եկած իրենց փոքրիկներին ծնվելուց հետո առաջին մեկ ժամվա ընթացքում և շարունակել այնքան, որքան կցանկանան փոքրիկները:
Իրավիճակը Հայաստանում՝
Ըստ վերջին գնահատականների, Հայաստանում ծնվելուց հետո կյանքի առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրվում է յուրաքանչյուր 10-ը նորածնից 4-ը: Քաղաքների համեմատ, այս ցուցանիշը 14 տոկոսով բարձր է գյուղերում լույս աշխարհ եկած փոքրիկների շրջանում:
Ծնվելուց հետո կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում մեր երկրում կրծքով կերակրվում է յուրաքանչյուր 10-ը երեխայից 9-ը: