Հրդեհ՝ հայ-վրացական սահմանին
Նախօրեին ժամը 15:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ճոճկան գյուղի հյուսիսարևելյան մասում՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում, այրվում է խոտածածկ տարածք. հրդեհը տարածվում է Վրաստանից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ Վրաստանի տարածքում այրվում է մոտ 10 հա խոտածածկ տարածք, դեպքի վայրում աշխատում է 2 մարտական հաշվարկ:
Հայաստանի Հանրապետության տարածքում հրդեհը մեկուսացվել էր ժամը 20:55-ին, իսկ ժամը 21:08-ի դրությամբ Վրաստանի տարածքում հրդեհը դեռ չէր մեկուսացվել: Ժամը 21:25-ին ՀՀ տարածքում աշխատանքները դադարեցվել էին մթության և տեղանքի դժվարամատչելիության պատճառով: Հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից սահմանվել էր հերթապահություն:
Այսօր ժամը 05:00-ին հրշեջ-փրկարարները վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները: ՀՀ տարածքում հրդեհը մարվել է ժամը 06:20-ին:
Ժամը 07:35-ին կրկին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ Վրաստանի տարածքում հրդեհը մեկուսացվել է, այրվել է 20-25 հա խոտածածկ տարածք: Հրդեհի մարման աշխատանքները Վրաստանի տարածքում շարունակվում են:
Հրդեհաշիջման աշխատանքներին ՀՀ տարածքում մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ջիլիզայի մասնաճյուղի 10 աշխատակից և Ճոճկան գյուղի 7 բնակիչ: Այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ:
Նովոստի Գրուզիա-ի հաղորդմամբ, վրաց-հայկական սահմանին հրդեհի հետևանքով այրվել է 70 հեկտար խոտ և թուփ, որից 20 հեկտարը՝ Վրաստանի տարածքում։ Հրդեհաշիջման աշխատանքների մասնակցել է 120 հրշեջ-փրկարար։ Հրդեհի հետևանքով որևէ մեկը չի տուժել։ Հաղորդվում է, որ դեռ անհայտ է, թե ինչն է եղել հրդեհի պատճառը։
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը նաև տեսանյութ է հրապարակել։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում