Էնֆիաջյան. Բոստանջյանի այս քայլն ունի բացառապես անձնական պատճառ
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը լրատվամիջոցներին կոչ է անում խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի հրաժարականի մեջ այլ ենթատեքստեր չփնտրել:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Հաշվի առնելով մամուլում շրջանառվող տարբեր ասեկոսեներն ու հրաժարականի անիրական դրդապատճառները՝ տեղեկացնում եմ, որ մեր գործընկերոջ այս քայլն ունի բացառապես անձնական պատճառ»,-տեղեկացնում է խմբակցության քարտուղարը:
Նա մանրամասնում է, որ առողջական խնդիրների պատճառով պարոն Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել:
«Այդ մասին կարող եք տեղեկանալ անձամբ իրենից: Պարոն Բոստանջյանն արդեն իսկ հանդիպման ընթացքում այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին:
Երկարատև բուժման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պարոն Բոստանջյանն այս փուլում առավելապես սեփական առողջության վերականգնման նպատակով նման որոշում է կայացրել:
Մեզ համար նա շարունակում է մնալ մեր լավագույն գործընկերներից մեկը, և «Ծառուկյան» խմբակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտափույթ ապաքինում են մաղթում Վարդան Բոստանջյանին»,-ասված է Էնֆիաջյանի հայտարարության մեջ: