Բաբլոյան. Հայ-իտալական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ
«Երկու երկրների խորհրդարանական կառավարման համակարգ ունենալը համագործակցության մեծ հնարավորություններ է ընձեռում»,- այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր պետական այցով Երևան ժամանած Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելայի հետ հանդիպմանը:
Ըստ օրենսդիր մարմնի ղեկավարի` խորհրդարանական կառավարման Իտալիայի արդյունավետ փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղերդմամբ՝ ազգային ժողովի նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը և բարեկամական խմբերի գործունեության խթանմանը, ինչպես նաև միջխորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցելու անհրաժեշտությանը:
Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Իտալիայի Սենատը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը, ինչը լրացուցիչ ազդակ կլինի երկկողմ կապերի առավել խորացման համար:
Արա Բաբլոյանն ընդգծել է, որ երկու երկրներին միավորում և հարաբերություներն առավել ամրապնդում ու ջերմացնում են Իտալիայի հայ համայնքն ու պատմամշակութային, քաղաքակրթական և ժողովրդավարական ընդհանուր արժեքները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել այս հարցում Իտալիայի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը:
Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ անկախ նրանից, թե Հայաստանում ինչպիսի քաղաքական փոփոխություններ կլինեն, հայ-իտալական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ:
Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել խթանելու Իտալիայի և Հայաստանի դարավոր բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունը: Սերջիո Մատարելլան կարևորել է միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացումը, պատգամավորական բարեկամական խմբերի համատեղ աշխատանքը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը: Այս համատեքստում Իտալիայի նախագահը նշել է, որ իրենք կաջակցեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացմանը, ինչը, ըստ նրա, կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել սերտացմանը:
Հանդիպման ավարտին Սերջո Մատարելան գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայի նախագահը եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում
- Իտալիայի նախագահն այցելել է Մատենադարան
- Հայաստանը կարող է միշտ հույս դնել Իտալիայի վրա. Սերջիո Մատարելա
- Այս այցը ամուր հիմքեր կստեղծի մեր համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար. ՀՀ նախագահ
- Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
- Իտալիայի նախագահը ժամանեց Երևան
- Ինչու է Իտալիայի նախագահը Հայաստան ժամանում դստեր ուղեկցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան