Ռոնալդուն սկսել է «թալանել» իտալացի երկրպագուներին
Ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի թուրինյան ակումբ տեղափոխվելուց հետո իտալական «Կեվո» ակումբը 50 տոկոսով թանկացրել է տնային հանդիպման տոմսերի արժեքը։ Լենտա.ռու-ն, հղում անելով sportmediaset.it-ին, գրում է, որ կենտրոնական տրիբունայի առաջին շարքի տոմսերի արժեքը բարձրացել է 100 եվրոյից 150-ի, վերևի շարքերինը՝ 40-ից 60 եվրոյի, անկյունային հատվածների տոմսի արժեքը 30 եվրոյից հասել է 50-ի։
Հուլիսի 10-ին Ռոնալդուն մադրիդյան «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենթուս»։ Իտալիայում հարձակվողը ստանալու է տարեկան 30 միլիոն եվրո։ Իտալական ակումբը Ռոնալդուի համար վճարել է 100 միլիոն եվրո և ևս 12 միլիոն՝ լրացուցիչ ծախսերի համար։
Օգոստոսի 19-ին «Յուվենթուսը» հանդիպելու է «Կեվոյի» հետ։ Ակնակալվում է, որ Ռոնալդուն այդ խաղում հանդես կգա։