Սևանի ծաղկումը ցուցանիշ է, որ լիճն ակտիվ կերպով գնում է ճահճացման. բնապահպան
«Նախատեսվում է Սևանա լճից 255 միլիոն խմ ջուր բաց թողնել ոռոգման համար: Արարատյան դաշտավայրը վատ վիճակում է, իսկ ջրի պակասուրդը կրկին լրացնում են Սևանա լճի հաշվին»,- այսօր «S.O.S. Սևան» նախաձեռնության հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հայտարարեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։
Նա շեշտեց, որ բնապահպանության նախարարությունն է պատասխանատու Սևանա լճի համար, սակայն նախարարությունը գոնե մի միջոցառման պլան չի ներկայացնում, որ մենք հասկանանք այդ ջուրն ինչի համար և ուր է գնում։
Զարաֆյանը տեղեկացրեց «S.O.S. Սևան» արշավի մեկնարկի մասին, որի շրջանակներում պատրաստվում են գնալ Սևանի բոլոր համայնքները, նաև Արմավիրի մարզ, որպեսզի հասկանան ինչ է կատարվում այնտեղ. «Պետք է մարդկանցից հասկանանք՝ այդ հավելյալ ջուրն իրենց հասնում է, թե ոչ։ Սևանի համայնքի բնակիչների վերաբերմունքը ևս պետք է հասկանանք այս գործընթացների վերաբերյալ, և այս ամենը միասին դնենք կառավարության սեղանին»։
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանն ասաց, որ յոթ հասարակական կազմակերպություններով ուզում են հարց դնել և հասկանալ, թե ինչ ենք ուզում որպես վերջնարդյունք՝ Սևանը՝ լիճ իր բոլոր համակարգերով, թե ջրամբար, որի շուրջ խոսք կգնա միայն ջրի բալանսի մասին։
«Վերջապես պետք է կողմնորոշվենք՝ ինչ ենք ցանկանում ունենալ։ Մինչև այդ հարցի մեջ չկողմնորոշվենք, այս բոլոր խոսակցությունները կոռեկտ չեն»,- ասաց նա։
«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով՝ Սևանի այսօրվա վիճակը պատահականություն չէ. «Ես դա ընկալում եմ որպես լճի ճիչ, օգնության կարիքի ճիչ։ Տարիներով ասել ենք, եթե այսպես շարունակենք լճին վերաբերել՝ լճի փոխարեն ճահիճ կունենանք, և ջուրը ոռոգման համար էլ պիտանի չի լինի։ Հիմա մենք այդ խնդրի դիմաց ենք կանգնել։ Կապույտ, կանաչ ջրիմուռներով ծաղկումը ցուցանիշ է, որ լիճն ակտիվ կերպով գնում է ճահճացման։ Ջրի մեջ որտեղ ակտիվ ծաղկում կա, այնտեղ նաև թունավոր նյութեր կան»։
Բնապահպանը նշեց, որ Սևանա լիճը ծաղկել է 1964 թվականից սկսած, 2-3 տարին մեկ, բայց ոչ այս աստիճանի, ինչ որ այս տարի։
Կարինե Դանիելյանը բացատրեց, որ լճի ծաղկելը պայմանավորված է մի քանի գործոններով` կենսաբանական, քիմիական մաքրման կայանների բացակայություն, որոնք շարքից դուրս են եկել Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչպես նաև լճի մակարդակի իջեցում և բարձր ջերմաստիճան:
«Ամեն տարի այդ հարցը բարձրացնում ենք, որ Սևանի հաշվին ոռոգման խնդիրները լուծելն անթույլատրելի է։ Եթե Սևանը կորցրեցին, Հայաստանը կկորցնենք»,- հավելեց բնապահպանը։
Բնապահպան Սիլվա Ադամյանի պնդմամբ էլ՝ Սևանի մակարդակը մի քանի տարի չպետք է իջեցվի, մի քանի տարի պետք է լիճը հանգստանա. «Սևանում խնդիր է նաև արհեստական ձկնաբուծության զարգացումը։ Այս վտանգի մասին բազմիցս ասել ենք, բայց ցավոք մեզ ոչ ոք չլսեց։ Կլիմայական փոփոխությունները լուրջ ազդեցություն են ունենում լճի վրա։ Եթե խնդիրները չլուծվեն, մենք շուտով կունենանք մեռյալ լիճ, ճահիճի նման մի բան, սա ես չեմ ասում, սա ասում են մասնագետները»։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի ներկայացրած տվյալներով՝ 2018թ-ին Սևանա լիճն իր առավելագույն բարձր նիշին հասավ հունիսի 20-ին` 1900.85մ, մի քանի օր այս ցուցանիշը պահպանելով, լճի մակարդակը սկսեց իջնել: Հուլիսի 31-ի դրությամբ լճի մակարդակն իջել է 11 սմ-ով` կազմելով 1900.74մ: Լճի մակարդակը 4 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից: Ներկայումս ոռոգման համար Սևանա լճից Արարատյան դաշտի ոռոգման համար բաց է թողնվել 120.380 միլիոն խմ ջուր: Արփա- Սևան ջրատարով Սևանա լիճ է հոսել 113.578 միլիոն խմ ջուր: Ներկայումս ջրատարը ջուր չի տեղափոխում Սևանա լիճ, մինչդեռ այն նախատեսված է մինչև 300 միլիոն խմ ջուր Սևանա լիճ տեղափոխելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր ավազաններից Սևան կեղտաջրեր են լցվում. բնապահպանության նախարար
- Բարդուխ Գաբրիելյան. Սևանի կանաչելն ահազանգ է
- Վարչապետը հանձնարարել է վերանայել Սևանա լճի շրջակայքում տարածքներ վարձակալած օբյեկտների պայմանագրերը
- Սևանի ջրի կանաչելու փաստով վարչական վարույթ է հարուցվել
- «Սևան» ազգային պարկի տնօրեն. Կանաչած Սևանի ջուրը մաքրելու համար որևէ միջամտություն չի լինի
- Եթե այսպես շարունակենք, մենք կսպանենք Սևանը. բնապահպան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին