Պրեմիերա՝ Հայաստանի օպերային թատրոնում
Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում օգոստոս ամիսը շարունակելու է լինել աշխատանքային, ներկայացվելու է Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը։ Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 2 գործողությամբ օպերետի պրեմիերան կայանալու է օգոստոսի 16-ին և 18-ին։
Նախագծի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն է Ժիրայր Բաբազյանը, դիրիժորը Հարություն Արզումանյանը։
Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Տիգրան Չուխաջյանը հայկական օպերային արվեստի հիմնադիրն է: Եվրոպական երաժշտական կրթություն ստացած կոմպոզիտորը դեռևս Իտալիայում է սկսել աշխատանքները «Կարինե» կամ «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» անմահ օպերետի վրա, որը բեմ բարձրացավ 1875 թվականին:
Օպերետը թարգմանվել է տարբեր լեզուներով և բեմադրվել մի շարք երկրներում` Բուլղարիայում, Հունաստանում, Գերմանիայում, Եգիպտոսում և այլուր:
Հայերենով առաջին անգամ օպերետը բեմադրվել է 1912 թ. Մայիլյան թատրոնում, Մացակ Տեր-Առաքելյանի թարգմանությամբ: Տ.Չուխաջյանի` մահվանից հետո իրականացել է նաև կոմպոզիտորի երազանքը՝ «Կարինեն» բեմադրվել է նաև Փարիզում: